Բելգիացի սենատորն Արցախում ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի հուշահամալիրում

June 24, 2017

Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետը հունիսի  23-ին  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի,  ՀՅԴ Հայ Դատի   Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի  ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ուր ծաղիկներ է խոնարհել  և հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում հայրենիքի  պաշտպանության համար զոհված քաջորդիների և Հայրենական մեծ  պատերազմի զոհերի հիշատակին:

Նույն օրը ֆլամանդական խորհրդարանի պատգամավորը ճանաչողական այցով եղել է Ստեփանակերտի ականազերծում իրականացնող կամակերպությունում և Արցախի  օդանավակայանում: Յորիս Պոշետը շրջել է օդանավակայանի տարածքում, ծանոթացել տեխնիկական հագեցվածությանը և միջազգային չափանիշերին համապատասխանող ավիասարքավորումներին:

Բելգիացի  սենատորը եղել է նաեւ «Արցախ Բրենդի Կոմպանի»-ում,   շրջել  մառաններում, արտադրամասերում,  ծանոթացել  արտադրության տեսակներին: Եվրոպացի հյուրին ներկայացրել են նաև  գործարանի հիմնադրման պատմությունը:

Յորիս Պոշետն այնուհետև եղել է հայոց հնագույն քաղաք Տիգրանակերտում: Եվրոպացի հյուրը ծանոթացել է հնավայրին, Տիգրանակերտում ընթացող պեղումներին, իսկ թանգարանում լսել քաղաքի պատմությունը:

Այնուհետեւ Ստեփանակերտում պատգամավորն այցելել է  «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ ուսում  են ստանում 12-18 տարեկան 500-1000 արցախցի երեխա: Չթաքցնելով հիացմունքը` Յորիս Պոշետը  նշել է, որ Արցախն ունի հիանալի երիտասարդություն և հավելել,  որ  «Թումոյի» սաների ստեղծագործ միտքն ապագայում վստահաբար կդառնա Արցախի տնտեսության զարգացման բանալին:   Իսկ իր աղոթքն առ Աստված  Բելգիացի սենատորը  հղել է Շուշիի  Սուրբ Ամենափրկիչ  Ղազանչեցոց եկեղեցում:

Յորիս Պոշետի այցը հայկական երկրորդ հանրապետություն  բավականին հագեցած էր: Ֆլամանդական խորհրդարանի պատգամավորն Արցախի ու արցախցու  մասին ստացած իր տպավորություններն ամփոփել է Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Տեղեկացնենք, որ Բելգիայի Թագավորության ֆլամանդական  խորհրդարանի անդամ Յորիս Պոշետի այցն Արցախի Հանրապետություն կայացել է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի նախաձեռնությամբ:

 

Source: Yerkir Media
Link: Բելգիացի սենատորն Արցախում ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի հուշահամալիրում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image