Գյումրու «Երեխաների տուն» մանկատունն այսուհետ տնտեսում կունենա վերականգնվող էներգիայի շնորհիվ:
Մայիսի 13-ին Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում ազդարարվեց «Վերականգնվող էներգիան՝ որպես տեխնոլոգիական զարգացման գործիք» ծրագրի մեկնարկը: Նախաձեռնության շնորհիվ «Երեխաների տանը» ներդրվել են մինչև 25 տարվա կենսագործունեության ժամկետ ունեցող «Արփի Սոլար» արևային ջրատաքացման ու ֆոտովոլտային համակարգեր, որոնք կապահովեն անվճար տաք ջրով և էլեկտրաէներգիայով` տարեկան խնայելով ավելի քան 4 միլիոն դրամ։
Սրանով Շիրակի մարզն առաջինն է միանում արևային շարժմանը՝ «Վերականգնվող էներգիան՝ որպես տեխնիկական կրթության զարգացման գործիք» ծրագրի միջոցով։ Սակայն «Արփի Սոլար»-ը շարունակելու է մեկնարկած արևային շարժմանը ներգրավել Հայաստանի մյուս մարզերը ևս։
Ինչպես տեղեկացրեց Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աննա Գևորգյանը՝ հաստատությունը տնտեսած գումարը կներդնի կրթական ու վերականգնողական ծրագրերի մեջ։
Ի դեպ, մանկատունը հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված մասնագիտացված մանկատուն է, որը զբաղվում է առանց ծնողական խնամքի մնացած, ծանր սահմանափակ կարողություններ ունեցող մինչև ութ տարեկան երեխաների շուրջօրյա լրիվ խնամքով։ Այժմ մանկատան խնամքի տակ է գտնվում 0-8 տարեկան առանց ծնողական խնամքի 125 երեխա՝ տարբեր մարզերից։