Գրադի չպայթած արկը 25 տարի տան նկուղի պատի մեջ է․ hetq.am

April 26, 2017

hetq.am— Վոլոդիա Հակոբյանի տունը Կոռնիձոր գյուղի ամենատեսանելի մասում է: Դարպասի վրա եղած անցքերի քանակը հաստատում է, որ տունն արցախյան պատերազմի ժամանակ հաճախ է ադրբեջանցիների կրակահերթի թիրախը եղել: 1992թ. սեպտեմբերի սկզբներին արձակված գրադի արկն ավերել է երկհարկանի տունը, խրվել նկուղի պատի մեջ ու 25 տարի մնում է այնտեղ:

«10 օր առաջ լսեցի, որ ականազերծողներ են եկել գյուղ եւ դաշտերում ականի պայթեցումներ են անում, գնացի խնդրեցի, որ գան տունը տեսնեն: Նայեցին, ասեցին, որ արկը չի պայթել, պիտի պայթեցնենք, որ հանենք, եւ նկուղի պատն էլ քանդվելու է»,- ասում է Վոլոդիան:

Վոլոդյա Հակոբյանը

Նրա կինը՝ Անժելա Հակոբյանը, չի հավատում, որ ի վերջո կականազերծեն տունը: Ասում է, որ մինչ օրս, քանի դեռ չգիտեին, որ արկը պայթած չէ՝ չէին վախենում, հիմա վախենում են: Անժելայի ասելով՝ ականազերծողների հեռանալուց հետո, արդեն 10 օր է` օրական մի խումբ գալիս է` արկը նկարում ու հեռանում: Սպասում են, թե ի վերջո երբ պիտի տունն ականազերծեն:

Անժելան պատմում է, որ պատերազմի ժամանակ Կոռնիձոր գյուղում 7 տուն է այրվել գրադի կրակոցից, տուժածներից 6-ին պետությունը փոխհատուցել է, նրանք վերականգնել են տները, իսկ իրենց ոչ մի աջակցություն չի ցուցաբերվել:

«Անցնող տարիներին վնասը փոխհատուցելու հարցով մի քանի անգամ դիմել ենք Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, գրություններ ենք ուղարկել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ պաշտոնատար այլ անձանց: Մշտապես պատասխանել են, որ կփոխհատուցեն, բայց մինչ օրս տունն անգամ չեն ականազերծում»,- նշում է Անժելան:

Նա պատմում է, որ տան փլուզվելուց հետո իրենց ընտանիքը գյուղի մյուս բնակիչների հետ փախել ու պատսպարվել է Սիսիանի տարածաշրջանի Նորավան գյուղի լքված տներում: Հետո, երբ թուրքերը հեռացել են, գյուղացիները վերադարձել են իրենց տները, իսկ իրենք տուն չունեին, 7 հոգանոց ընտանիքը մենակ մնացել է այդ գյուղում:

Որոշ ժամանակ հետո իրենք էլ են վերադարձել:

«Բաց երկնքի տակ ենք ապրել, մի պատուհան անգամ չէր մնացել, եկանք այսուայնտեղից հին շինանյութ հավաքեցինք, մի մասը քիչ-քիչ սարքեցինք, վարկ վերցրինք՝ տանիք կապեցինք, մի մասն էլ այրված մնում է: Շենքը վթարային է, փլվում է: Ամեն տարի դիմումներ ենք գրում, մարզպետարանից գալիս են նկարում, բայց ոչինչ չի փոխվում»,- ասում է Անժելան:

Շարունակությունն՝ այստեղ

Source: Yerkir Media
Link: Գրադի չպայթած արկը 25 տարի տան նկուղի պատի մեջ է․ hetq.am

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image