Երևանի ավագանու ընտրությունների Հայ Հեղափոխական դաշնակցության ցուցակը գլխավորող, ՀՀ ԲՆ անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ընտրությունների արդյունքներին` կարծիք հայտնեց, որ ընտրություններն ավելի շատ դիտվեցին որպես վարչապետի վստահության հանրաքվե և ժողովուրդը քվեարկեց նախկինների չվերադառնալու օգտին:
-Ինչպե՞ս եք գնահատում Երևանի ավագանու ընտրություններին Դաշնակցության գրանցած շուրջ 1.62 տոկոս արդյունքը:
-Շատ վատ, իհարկե, բայց դա բացատրելի է: Ընտրությունները քաղաքապետի ընտրություններից շեղվեցին և այլ ուղղությամբ գնացին։ Ընտրությունները դիտվեցին որպես վարչապետի վստահության հանրաքվե: Այդ պարագայում ով էլ լիներ վարչապետի թեկնածուն` նա էլ անցնելու էր:
—Ընթացքում դա չէ՞իք տեսնում, որ վստահություն ունեիք, որ նույնիսկ քաղաքապետ եք լինելու:
— Երբ մարդ մտնում է պայքարի մեջ, նա պետք է վստահությամբ մտնի և դա փոխանցի իր թիմին, բացի այդ, այդ մասին մենք բազմիցս ասել ենք:
—Բայց ամեն ինչ օրինական դաշտում չէ՞ր, անգամ՝ վարչապետի մասնակցությունն ընտրություներին:
-Ընտրություններից մեր ձեռքբերումը հենց այն եղավ, որ երկիրը լուրջ արդյունքներ ունեցավ թե՛ ընտրատեղամասերում, թե՛ ընտրախախտումներ չլինելու առումով, թե՛ վարչական լծակ չօգտագործելու առումով: Միակ վարչական լծակը, որն օգտագործվեց, ընտրություններում վարչապետի այսչափ ներգրավումն էր։ Ես երբ ասում եմ` շեղվեց իր ուղուց ընտրությունները, դա նշանակում է, որ քաղաքապետի ընտրություններ չիրականացան, սա ուղղակի վարչապետի վստահության հանրաքվե էր և վարչապետը ստացավ այդ վստահության քվեն: Այնպես ստացվեց, որ ի սկզբանե լարվեց մթնոլորտը՝ սև ու սպիտակների բաժանվեց, նախկինի վերադարձիր խնդիրը դրվեց: Մեր Երևանի քաղաքացին այդպես ընկալեց ընտրությունը, որ եթե չքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին, դա կնշանակի նախկինի վերադարձ, որը այդպես չէ: Վարչապետի ասածը դա էր, որ եթե մեզ չեք տալիս, նշանակում է տալիս եք նախկինին: Այստեղ նաև նպաստեց ընտրարշավի ժամանակ գաղտնալսումների փաստը, սա ներկայացվեց, որպես նախկին իշխանությունների հզորացում, և ժողովուրդը խայծը կուլ տվեց և ժողովուրդը քվեարկեց նախկինների չվերադառնալու օգտին:
-Անհրաժե՞շտ եք համարում հնարավորինս շուտ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և այս ստացած քվեները որքանո՞վ են թույլ տալիս վստահություն ունենալ, որ կհայտնվեք խորհրդարանում:
-Այս հարցը ևս ուղղեք քաղաքական ղեկավարությանը, բայց կապ ունի, թե ինչպիսի ընտրություններ կանցկացվեն, եթե վարչապետի քաղաքական ուժը շեշտադրումները նախկինի վերադարձի հետ կապի, կարող է նույն արդյունքները գրանցվեն, բայց սրանք իրական արդյունքներ չեն: Ես կուզեի ասել, թե նախկինի վերադարձ ինչ է նշանակում, եթե մենք դեմքեր նկատի ունենք` Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, դա ուղղակի քիչ հավանական է այսօր, բայց նախկինի վերադարձը նաև այն հոռի երևույթներն են, որոնք այսօր կարծես կամաց-կամաց առաջ են գալիս, օրինակ` «մեր դեմ խաղ չկա», ՀՀԿ-ական համակարգից ՔՊ-ական համակարգի փոխելը, ես սա կանվանեի նախկինի վերադարձ: Գրեթե նույն քվեները 1991 թվականին ստացավ Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց ի՞նչ ճանապարհով գնաց. հիմք դրվեց ընտրախախտումներին, «ով ՀՀՇ-ի անդամ չի, մեր դեմ է», բոլոր կոռուպցիոն սխեմաների, տնտեսության քայքայման: Ոչ մի երկրում քաղաքացիական այսպիսի շարժումներից հետո երբեք նախկինների վերադարձ չի եղել, Հայաստանն էլ բացառություն չէ: Կարող են լինել արտահերթ ընտրություններ, կարող են չլինել, այստեղ խանգարող բան չկա, թող վարչապետը սկսի խորհրդակցություններ, ամեն մեկն իր մտահոգությունները կներկայացնի և որոշման կգան: Իմ կարծիքով, որքան շուտ լինեն արտահերթ ընտրությունները, այնքան շուտ կպարզվի ջրերը, կամ մեկ անգամ պետք է այնպես խառնվի, կեղտոտվի, որ հետո զուլալվի, կարևորն այն է, որ դրա արդյունքում երկիրը չտուժի, միապետություն, միակուսակցականություն չլինի երկրում:
-Իսկ ջրերը պարզելու արդյունքում կարո՞ղ է Դաշնակցությունը հայտնվել ջրի հատակին:
-Դաշնակցությունը երբեք հատակին չի մնա, Դաշնակցությունը կարող է գործել և՛ խորհրդարանում, և՛ արտախորհրդարանական ուժ լինել: Դրանից Դաշնակցության ուժը և կարողությունը չի պակասի: Հիմա ժողովուրդը կարող է նաև սխալվել, դա խնդիր չէ: Էլի եղել են այդպիսի բաներ, բայց այս պարագայում տնտեսությունը չի կարող տեղից շարժվել, մինչև կայունություն չլինի քաղաքական դաշտում:
Շարունակությունը՝ այստեղ։
Source: Yerkir Media
Link: Դաշնակցությունը երբեք հատակին չի մնա. Միքայել Մանուկյան. Tert.am