«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» հանրահայտ ստեղծագործությունը:
Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն մեկ հորիզոնականով զիջել է իր դիրքերը և այս շաբաթ երկրորդն է:
Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքն այս անգամ երրորդն է:
Աղյուսակ է վերադարձել և չորրորդ հորիզոնականը զբաղեցրել բելառուս գրող և լրագրող Սվետլանա Ալեքսիևիչի «Ցինկե տղաները» գիրքը: Հեղինակն արժանացել է գրականության բնագավառում 2015 թ. Նոբելյան մրցանակի:
Իր դիրքերը բարելավել և հինգերորդ տեղում է հայտնվել Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» ստեղծագործությունը:
Ամենավաճառվածների ցանկի վեցերորդ հորիզոնականում այս շաբաթ Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքն է, որում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:
Համաշխարհային գրականության դասական Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» մեկ հորիզոնականով զիջել է իր դիրքերը և յոթերորդն է:
Ութերորդ տեղում Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկն է: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։
Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» գիրքը զիջել է իր դիրքերը և իններորդն է:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը» գիրքը:
Source: Yerkir Media
Link: «Դորիան Գրեյի դիմանկարը» գլխավորում է ամենավաճառվածների ցանկը