Ծնողներն առաջինն են տեղեկացվում զինվորի վիրավորման կամ կորստի մասին
June 5, 2017
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը զինվորի վիրավորում ստանալու ցանկացած դեպքի մասին առաջին հերթին տեղեկացնում է նրա ծնողներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը: Նրա խոսքով՝ ՊԲ-ն րոպեների ընթացքում տեղեկացնում է կորուստների մասին:
«Լինում են դեպքեր, երբ զինվորի ծնողը գտնվում է արտերկրում և նպատակահարմար չէ, որպեսզի նա իր երեխայի մահվան մասին իմանա լրատվական կայքերից: Ադրբեջանական կողմը ունենում է կորուստներ, սակայն դրա մասին ոչ մեկ չի հրապարակում: Նրանց մոտ այդպիսի լրատվական քաղաքականություն է որդեգրված: Մենք փորձում ենք նրանց հասարակությանը տեղեկացնել, որ իրենց պաշտպանական կառույցը թաքցնում է կորուստների մասին, սակայն ոչ մեկը չի կարող մեզ մեղադրել, որ մենք նույնպես թաքցնում ենք մեր կորուստների մասին»,—ասաց Մնացականյանը՝ վստահեցնելով, որ հայկական բանակում ընդհանրապես նման դեպք չի տեսել: