Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հունիսի 8-ին հանդիպել էր Հալեպի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Անդրադառնալով Սիրիայում ընթացող պատերազմին՝ Հ. Մարգարյանը մասնավորապես նշել է, որ առաջին իսկ օրերից Հայ Հեղափոխական դաշնակցությունը՝ անցած յոթ տարիներին փորձեց իր բոլոր ուժերը լարել սիրիահայությանն օգնելու համար։
«Բնական էր, որ դիմանալով պատերազմական ծանր դժվարություններին եւ ամենակարեւորը՝ ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալով՝ սիրիահայ համայնքը ինքն էր հիմնական հերոսություն կատարողը, եւ դա ոչ միայն իր, այլեւ ողջ հայության պատիվն է։ Հայ ժողովուրդը Սիրիայում կարողացավ իր պահվածքով ու կեցվածքով օրինակելի ու հայրենասեր սիրիացի քաղաքացու տեսակը ցույց տալ։ Դա ինքնին մեծ գործ էր»:
Սիրիահայության խնդիրը միայն սիրիահայությանը չի վերաբերում, դա ողջ հայության խնդիրն է: ՀՅԴ-ն, քաջ գիտակցելով, որ ողջ հայությունը պետք է լինի իր ուշադրության կենտրոնում, այս դեպքում եւ իրավամբ առավել մեծ ուշադրություն է հատկացնում սիրիահայերին։
Անդրադառնալով Հալեպում տիրող վիճակին՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշեց, որ այնքան շատ են ավերածությունները, որ միայն միջազգային ջանքերով կարելի է վերականգնել քաղաքը։
«Մենք միշտ փորձել ենք ամեն ինչ անել սիրիահայությանն օգնելու համար ու այսօր էլ պետք է շարունակենք ջանքեր գործադրել՝ վերականգնման ուղղությամբ։ Դա պետք է համահայկական խնդիր լինի։
Տարածաշրջանը դեռեւս բարդ վիճակում է, բայց ինչպես մեկ օրում ամեն ինչ խառնվեց, այնպես էլ հնարավոր է, որ մեկ օրում ամեն ինչ խառնվելով՝ խաղաղություն հաստատվի Սիրիայում ու վերջ դրվի Սիրիայի ժողովրդի տառապանքներին։
Վստահ եղեք, որ մենք միշտ ձեր կողքին ենք»,-եզրափակել է Հրանտ Մարգարյանը։
Source: Yerkir Media
Link: Հրանտ Մարգարյան. Սիրիահայության խնդիրը ողջ հայության խնդիրն է