Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին հանձնարարեց մինչեւ հուլիսի 28-ը ներկայացնել ըստ ոլորտների կիսամյակային ամփոփումը։
«Պետք է աշխատել «ռեստարտով»՝ 6 օր աշխատանքային ռեժիմով: Մենք պետք է ամփոփենք առաջին կիսամյակը, ինչ-որ նախագծել ենք, հստակ ձևակերպենք՝ ինչ ենք կատարել, եթե կան չկատարված բաներ՝ ինչու չենք կատարել և ինչ ենք անելու, որ լրացնենք դա: Չնայած, կարծում եմ, այդպիսի կետեր չպետք է լինեն»,-նշեց Կարեն Կարապետյանը։
Արթիկի 8-րդ թաղամասում վթարված շենքի մասին Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը զեկուցեց, որ բնակիչները տարհանվել են։
«Տեղի է ունեցել քարաթափություն, բնակիչները տարհանվել են, մարզպետը տեղում է եղել: Այժմ բնակիչներն ապրում են այլ տարածքներում: Խնդրում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությանն արագ ուսումնասիրություն կատարել իրավիճակի վերաբերյալ»,- ասաց Դավիթ Լոքյանը:
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն էլ նշեց, որ տարհանումից հետո 11 ընտանիք վերադարձել է վթարված շենք, սա նախարարի խոսքով, ճիշտ չէ:
Կարապետյանն առաջարկեց կառավարության նիստից հետո հավաքվել իր մոտ ՝ խնդրին լուծում տալու համար: