Այն ժամանակ ժողովրդի անունից գործող իշխանությունը կարճ ժամանակում ձեռքում կենտրոնացրեց ողջ իշխանությունը

1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցավ բոլշեւիկների հեղափոխությունը: Բոլշեւիկներն այդ ժամանակ երկրում փոքրամասնություն էին, 140 միլիոն բնակչության մեջ մոտ 30.000, բայց հաղթեցին եւ հայտարարեցին, որ այսուհետ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Գլխավոր լոզունգն էր «Ամբողջ իշխանությունը բանվորագյուղացիական խորհուրդներին»:

Բոլշեւիկները հայտարարեցին, որ երկրում հաստատվում է ազատություն, ժողովրդավարություն եւ բոլորի հավասարություն: Դրանից հետո սկսվեց պետական տեռորն ու հալածանքը: Արգելվեցին բոլոր կուսակցությունները եւ առհասարակ, բոլոր այն գաղափարախոսությունները, որոնք չէին բխում կոմունիստական կուսակցության գաղափարախոսությունից: Այլախոհները ոչնչացվեցին եւ մահվան դատապարտվեցին ճամբարներում:

Ռուսաստանում ոչնչացվեց 30.000 հոգեւորական միայն այն բանի համար, որ համարձակվել էին հավատալ ոչ թե Մարքսին ու Լենինին, այլ՝ Աստծուն: Սոցիալիզմի անվան տակ երկրում հաստատվեց պետական տնտեսական մենաշնորհ, անհատ մարդն անգամ չէր կարող ունենալ սեփական գործ՝ օրինակ լիներ ձեռներեց, վարսահարդար կամ կոշկակար: Ժողովրդի անունից գործող իշխանությունը կարճ ժամանակում ձեռքում կենտրոնացրեց ողջ իշխանությունը, եւ յոթանասուն տարի ընտրությունը վերածվեց ֆարսի:

Թեկնածու լինում էր միայն մեկ անձ եւ 95-ից բարձր տոկոսով վերջինս հաղթում էր՝ անկախ նրանից, թե քանի մարդ էր մասնակցել ընտրություններին: Ժողովուրդը ապրում էր աղքատության մեջ, բայց հայտարարված էր, որ երկրի ողջ հարստությունը պատկանում է նրան: Ժամանակի ընթացքում կուսակցական ընտրախավը ամբողջովին տնօրինեց իշխանությունը ժառանգելու եւ փոխանցելու, կուսակցական եւ քաղաքական բուհերում ուսանելու եւ մյուս իշխանական մենաշնորհները:

Այդ ընթացքում կայսրությունը ետ մնաց աշխարհի քաղաքակրթական եւ տնտեսական ընթացքից, սկսվեց տնտեսական ու քաղաքական լճացումը, բայց եւ այնպես հակամարդկային ռեժիմը 70 տարի գոյատեւեց, որովհետեւ մարդկության երբեւէ վերապրած ամենահզոր կայսրությունն էր՝ անսահմանափակ բնական պաշարներով եւ ռազմական ներուժով, իր շուրջը կարողացել էր ձեւավորել կոմունիստական դրածո ռեժիմների բլոկը: Երբ մարդիկ ոտքի կանգնեցին եւ միահամաուռ գոռացին, որ սուտ է, ստի կայսրությունը փլուզվեց կավե ոտքերով փղի պես:

19 միլիոնանոց կոմունիստական կուսակցությունը քայքայվեց ինչպես իր եւ պետության հիմնադիր Լենինն էր ժամանակին քայքայվել ծանր հիվանդությունից: Ինչ եմ ուզում ասել… խելոքները սովորում են ուրիշների սխալներից, հիմարները՝ սեփական: Էսքան բան:

ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Source: Yerkir Media
Link: Այն ժամանակ ժողովրդի անունից գործող իշխանությունը կարճ ժամանակում ձեռքում կենտրոնացրեց ողջ իշխանությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image