Ավարտվեց ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների տարածաշրջանային խորհրդաժողովը

2017 թ. փետրվարի 15-17-ը ՀՅԴ «Հոնան Դավթյան» ուսանողական միության հրավերով և ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի համագործակցությամբ Իրանի մայրաքաղաք՝ Թեհրանում տեղի ունեցավ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների ներկայացուցիչների տարածաշրջանային՝ «Հայ երիտասարդը և ապագայի տեսլականը Հայաստանում և Մերձավոր Արևելքում» խորագիրը կրող խորհրդաժողովը։

Խորհրդաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Սարգիս Մկրտչյանը և Թեհրանահայ համայնքի պատասխանատուներից Հենրիկ Խալոյեանը։

Եռօրյա նիստերի ընթացքում Հ.Յ.Դ. երիտասարդական և ուսանողական միությունների ներկայացուցիչները (Հայաստան, Արցախ, Հարավային Իրան, Լիբանան, Սիրիա, Քուեյթ) զեկուցեցին իրենց կատարած աշխատանքների մասին, օրակարգային քննարկման առարկա դարձան սփյուռքի համայնքների մեջ հայապահպանության խնդիրներին, համահայկական մտածողության հասնելու ուղիներին վերաբերող, ՀՀ ներքաղաքական իրավիճակին և արտաքին հիմնախնդիրներին առընչվող և սփյուռքահայ երիտասարդների դերը Հայաստանի զարգացման գործում բանաձեւող հարցեր։

Խորհրդաժողովի մասնակիցները ուկնդնրեցին դասախոսություններ Մերձավոր Արևելքի քաղաքական իրավիճակ և հայ համայնքներ, Թուրքիա, Հայ Դատ, Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերներ, Հայաստանի հայ երիտասարդի և սփյուռքահայ երիտասարդի դերը եւ ապագայի տեսլականը Հայաստանի զարգացման գործում թեմաներով։

Բուն օրակարգից զատ, երիտասարդները հնարավորություն ունեցան այցելելու Թեհրանի և Նոր Ջուղայի հայկական հաստատություններ և պատմամշակութային նշանակության վայրեր։

Խորհրդաժողովի ավարտին բոլոր շրջանները հաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ ամբողջությամբ ծառայելու հայ ազգի և հայրենիքի շահերին և Հայ Դատի պահանջատիրական պայքարին:

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակ
22 փետրվար, 2017 թ.

Source: Yerkir Media
Link: Ավարտվեց ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների տարածաշրջանային խորհրդաժողովը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image