Արցախի Նոր Կարմիրավան գյուղում հայտնաբերվել են մ.թ.ա. 9-7-րդ դարերի անոթներ

Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում հոկտեմբերին սկսված պեղումները հետաքրքիր փաստեր են արձանագրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Պատմական գիտությունների թեկնածու, «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանն ասաց, որ ուսումնասիրություններն իրականացվել են երկու հիմնական պեղավայրում՝  կոթողների շրջակայքում և դրանից քիչ հյուսիս, 2000-ական թվականներին կառուցված ջրանցքի մոտ:

«Արտաքին նյութի հետախուզական աշխատանքների ժամանակ ջրանցքի հատակին պատահաբար հայտնաբերվեց սափոր: Հայտնաբերվեցին նաեւ 18  տարբեր անոթներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 9-7-րդ դարերով, և մի շարք ուլունքներ»,-ասաց նա:

Հնագետը նշեց, որ պեղավայրում կատարած աշխատանքները թույլ են տալիս եզրակացնել,  որ այս տարածքը ակտիվ բնակեցված է եղել մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբին: Ուստի անհրաժեշտ են առավել լայնածավալ պեղումներ, որոնք թույլ կտան վերականգնել այդ շրջանի պատմությունը և մշակույթը:

Նժդեհ Երանյանը արժեւորեց նաեւ Նոր Կարմիրավան գյուղի տարածքում տեղի բնակիչներից մեկի կողմից նկատված մարդակերպ կոթողները: Ապա սկսվել են կոթողների տարածքում հետախուզական պեղումները:

«Պեղումները, որոնք տևել են շուրջ երկու շաբաթ, կրում էին հետախուզական բնույթ, որի նպատակն էր ճշտել արդյոք կոթողները գտնվում են իրենց կանգնեցման նախնական վայրում: Արդյունքում կարող ենք վավերացնել, որ կոթողները ամենայն հավանականությամբ գտնվում են իրենց միջավայրում: Սակայն վերջնական եզրակացություն անելու համար հարկավոր է հետագայում շարունակել հնագիտական աշխատանքները»,-ասաց Երանյանը:

Նրա խոսքով` կոթողների գիտական հետազոտությունն Արցախի Տիգրանակերտի և շրջակայքի ուսումնասիրության մասն է կազմում: Արցախում ներկայումս հայտնի  է շուրջ երեք տասնյակ նմանատիպ մարդակերպ կոթող: Վերջինները, սակայն, գտնվում են տեղաշարժված վիճակում: Ուստի Նոր Կարմիրավանի մարդակերպ կոթողների հետազոտությունը, նրանց հնագիտական միջավայրի վավերացումը կպատասխանի այս կոթողների վերաբերյալ մի շարք կարևոր հարցերի:

«Կոթողների ուսումնասիրությունը կարևոր է  ինչպես Արցախի և Ուտիքի, այնպես և Կովկասի և  ողջ Առաջավոր Ասիայի մ.թ.ա. 1-ին հազարամյակի պատմության և մշակույթի համար: Հետևաբար նրանց ուսումնասիրությունը և ներկայացումը Արցախի վրա կգրավի տարածաշրջանով հետաքրքրվող այլ մասնագետների և լայն շրջանակների հետաքրքրությունը ևս»,-հավելեց «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրենը:

Անի Դանիելյան


Source: Yerkir Media
Link: Արցախի Նոր Կարմիրավան գյուղում հայտնաբերվել են մ.թ.ա. 9-7-րդ դարերի անոթներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image