«Երեւան, քայլ արա» կոչով «Իմ քայլը» դաշինքը Նուբարաշենի կենտրոնական զբոսայգում էր

Վաղը Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրության քարոզարշավին։ Առանց նրա ներկայության արդեն երկրորդ օրը հանդիպումներ անցկացնող «Երեւան, քայլ արա» կոչով «Իմ քայլը» դաշինքի Երեւանի ավագանու եւ քաղաքապետի թեկնածուները այսօր շրջել են Նուբարաշեն վարչական շրջանում:

Քայլերթի ընթացքում նրանք թռուցիկներ են բաժանել բնակիչներին եւ խնդիրների ու դրանց լուծումների մասին զրուցելու նպատակով նրանց հրավիրել են իրենց հանրահավաքին, որը տեղի է ունեցել Նուբարաշենի կենտրոնական զբոսայգում:

Դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը նշել է, որ իրենց ծրագիրը բաղկացած է 9 հիմնական կետից. իրենց առաջնահերությունների մեջ են աղբահանության կազմակերպումը, տրանսպորտային համակարգի բարելավումը, համատիրությունների աշխատանքի օպտիմալացումը, մանկապարտեզների եւ պոլիկլինիկաների շենքային պայմանների բարելավումը: Նախընտրական ծրագիրն առաջարկում է լուծումներ մի շարք խնդիրների համար, բայց դաշինքը որոշել է, որ ընտրվելու դեպքում հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցերի լուծումները պետք է գտնեն տեղական հանրաքվեների միջոցով:

Ըստ Հայկ Մարությանի՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ծրագրերն էլ անթերի են գրված. մնում է պարզել՝ որ ուժը կդրսեւորի անհրաժեշտ քաղաքական կամք այդ ծրագրերը կյանքի կոչելու համար:

Source: Yerkir Media
Link: «Երեւան, քայլ արա» կոչով «Իմ քայլը» դաշինքը Նուբարաշենի կենտրոնական զբոսայգում էր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image