Թրամփը պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար է նշանակել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 13-ին հայտարարել Է, որ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթին նշանակել Է պետքարտուղարի՝ հանրային դիվանագիտության հարցերով տեղակալի պաշտոնակատար: Այդ մասին հայտնել Է Սպիտակ տունը:

Մինչ այդ հայտնի Է դարձել, որ ամերիկյան վարչակազմը պաշտոնաթող Է արել  ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի տեղակալ Սթիվ Գոլդսթինին: Ինչպես հայտարարել են Associated Press-ի աղբյուրները, վարչակազմում Գոլդսթինի ազատման մասին որոշումն ընդունել են այն բանից հետո, երբ նա Թիլերսոնին պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու հարցում Սպիտակ տան պաշտոնական դիրքորոշմանը հակասող տեղեկատվություն Է հրապարակել:

Հիզեր Նոյերթը ԱՄՆ-ի Պետդեպի պաշտոնական ներկայացուցչի պաշտոնում նշանակվել Է 2017 թվականի ապրիլի 24-ին: Նախքան Պետդեպարտամենտում իր նշանակումը, նա աշխատում Էր Նյու Յորքում Fox News հեռուստաալիքում: Ավելի վաղ Թիլերսոնը լրագրողներին հայտնել Է, որ Պետդեպարտամենտի ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես կատարելու Է ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Սալիվանը, քանի դեռ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատն այդ պաշտոնում չի հաստատել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոյի թեկնածությունը: Նա նաեւ նշել Է, որ ամերիկյան դիվանագիտության ղեկավարի պաշտոնում իր աշխատանքը պաշտոնապես կավարտվի «մարտի 31-ի կեսգիշերին»:

Source: Yerkir Media
Link: Թրամփը պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար է նշանակել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image