Պետք է ապահովել նաեւ տնտեսական հեղափոխություն․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է` Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը իմաստ չի ունենա, եթե հնարավոր չլինի հասնել նաև տնտեսական հեղափոխության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն այս մասին ասել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

Նա  համաձայն է հնչող կարծիքների հետ, որ տնտեսական գործունեության համար շատ հստակ կանոններ են պետք: «Եվ, ըստ էության, մենք այդ կանոնները բազմիցս հայտարարել ենք, բայց ենթադրում եմ, որ տնտեսական ավանդույթների բերումով Հայաստանում դեռևս ոչ բոլորն են դրան հավատում: Վարչապետ ընտրվելուց հետո ես շատ արագ հրավիրել եմ գործարար շրջանակներին և արել հետևյալ հայտարարությունը, որ որևէ գործարար, որևէ գործարար շրջանակ, որևէ ընկերություն, իմ ընտրվելուց սկսած, ազատված է որևէ կոռուպցիոն պարտավորությունից: Եվ, ըստ էության, մենք տնտեսական գործունեություն ծավալողների հետ հարաբերություններում, ներդրողների հետ հարաբերություններում ունենք երկու պայման և երկու շահագրգռվածություն. Գործունեությունը պետք է լինի օրինական, օրենքին լիարժեք համապատասխան, և մենք բոլորին կաջակցենք, որպեսզի նրանք հնարավորինս շատ աշխատատեղեր ստեղծեն և, իհարկե, հարկեր վճարեն»,- մանրամասնեց Փաշինյանը:

«Բայց մենք բախվում ենք նաև մի խնդրի հետ, որը կապված է նախկինում գոյություն ունեցած քաղաքական համակարգի հետ: Որևէ ընկերություն չի կարող գործել տվյալ երկրի իրականությունից կտրված: Եվ մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ բազմաթիվ ընկերություններ, որոնք գործել են Հայաստանում, ստիպված են եղել գործել այն խաղի կանոնների և տրամաբանության շրջանակներում, որոնք գոյություն են ունեցել, մասնավորապես, ընդարձակ կոռուպցիան և հովանավորչությունը: Ի դեպ, ասեմ, որ վարչապետի կարգավիճակում իմ առաջին գործողություններից մեկը եղել է «Քարֆուր» սուպերմարկետ այցելելը, որովհետև «Քարֆուր»-ը իմ վարչապետ ընտրվելու պահին միակ սուպերմարկետն էր, որը գործում էր օրենքին համապատասխան: Եվ այդ մենության արդյունքում հսկայական սուպերմարկետը սկսել էր փոքրանալու մի գործընթաց: Եվ ես հիմա կարող եմ ասել, որ այդ փոքրանալու գործընթացը կանգնած է և երաշխավորված է ընդլայնվելու գործընթացը, որովհետև բոլոր սուպերմարկետները գործում են օրենքին համապատասխան, և այլ տարբերակ ուղղակի լինել չի կարող»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Source: Yerkir Media
Link: Պետք է ապահովել նաեւ տնտեսական հեղափոխություն․ Փաշինյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image