Հայաստանը զորավիգ է Ռուսաստանին: Երեւանում Ռուսաստանի դեսպանատան առաջ մի խումբ երիտասարդներ ծաղիկներ են խոնարհել Սեւ ծովում կործանված օդանավի զոհերի հիշատակին: Խորհրդանշական անմար փոքրիկ կրակը վառվող մոմերինն է:
Իսկ Սեւ ծովի այն հատվածում, որտեղ կործանվել է ՏՈւ-154-ը, որոնողական գործողությունը շարունակվում է: Որոնվող սեu արկղերն էլ, իհարկե, որոշակի պատասխան կտան ինքնաթիռի հետ տեղի ունեցածի վերաբերյալ: Ինքնագրիչների որոնումն էլ դժվարացրել է այն, որ դրանք հատուկ ռադիոփարոսներ չեն ունեցել:
Մասնագետներ որոշել են Սոչիում կործանված Տու-154 ինքնաթիռի ընկնելու վայրը: Որոնողափրկարարական գործողություններում ներգրավված ուժերի թիվը հասնում է 3500-ի: Ավելի քան 10 դի ու ինքնաթիռի բեկորներ են հայտնաբերվել: Մոսկվայում դատաբժշկական փորձաքննություն է իրականացվում: Արդեն պարզվել է զոհերից մեկի ինքնությունը: Տու-154 ինքնաթիռի կործանումը հետաքննելիս ահաբեկչությունը որպես հիմնական վարկած չի դիտարկվելու: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, որը գլխավորում է միջադեպի հետաքննության կառավարական կոմիտեն: Ավիաաղետի պատճառը, նրա խոսքով, կա՛մ ինքնաթիռի տեխնիկական անսարքությունն էր, կա՛մ օդաչուների սխալը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղեւորվում էր Սիրիա, դեկտեմբերի 25-ի առավոտյան կործանվել է Սեւ ծովում: Գերատեսչության տվյալներով, օդանավում եղել է 92 մարդ՝ անձնակազմի ութ անդամ եւ 84 ուղեւոր, այդ թվում՝ ութ զինվորական, Ալեքսանդրովի անվան անսամբլի 64 արտիստ, ռուսական հեռուստաալիքների ինը ներկայացուցիչներ, «Արդար օգնություն» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան, որն ավելի հայտնի է որպես բժիշկ Լիզա, երկու զինծառայող: Նրանք մեկնում էին Սիրիա՝ այնտեղ գտնվող ռուս զինծառայողների Ամանորը շնորհավորելու համար: Ռուսաստանում այսօր համազգային սուգ է:
Source: Yerkir Media
Link: Տու-154 ինքնաթիռի ընկնելու վայրում որոնողական գործողությունը շարունակվում է