Հայաստանը՝ ոսկու արդյունաբերության կենտրոն, բայց ընդամենը մեկ շաբաթով: «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում այսօր մեկնարկել է Ոսկերիչների համաշխարհային համադաշնության համաժողովը:
Երեւանում տեղի ունեցող ՍԻԲ ՋՕ-համաժողովին աշխարհի 25 երկրի ոսկերչության եւ թանկարժեք մետաղների մշակման ոլորտները ներկայացնող ավելի քան 80 պատվիրակ է մասնակցում: «Սիբ Ջոն» միջազգային մասնագիտական կազմակերպություն է, որը միավորում է աշխարհի ոսկերչության ողջ ոլորտը` թանկարժեք մետաղների եւ քարերի արդյունահանումից մինչեւ պատրաստի արտադրանքի իրացում:
«Քննարկելու են հարցեր, որոնք հետագայում դառնում են օրենքներ ամբողջ աշխարհի ոսկու, թանկարժեք մետաղների, ադամանդների, մարգարիտների, թանկարժեք քարերի ու զարդերի ինդուստրիայի համար»,- ասում է Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գեւորգյանը:
Համաժողովի օրերին մեր երկրի վրա է սեւեռված ոսկերչական արդյունաբերության ամենահայտնի դեմքերի ուշադրությունը՝ վստահեցնում են ոլորտի պատասխանատունները: Պետք է առիթը բաց չթողնել ու ցույց տալ այն հնարավորություններն ու արտոնությունները, որը կունենա Հայաստանում այս ոլորտը զարգացնող ցանկացած գործարար:
Համաժողովի բացմանը ներկա է գտնվել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Source: Yerkir Media
Link: Հայաստանը մեկ շաբաթով ոսկու արդյունաբերության կենտրոնի է վերածվել