«Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր ժամը` 09:00-ից, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ մեկնարկել են համապետական շաբաթօրյակի համակարգման աշխատանքները:
Համապետական շաբաթօրյակի արդյունավետ անցկացման նպատակով հանրապետության ողջ տարածքով կատարվել են նախապատրաստական աշխատանքներ, մոբիլիզացվել են հանրապետական գործադիր մարմինների, մասնավոր ընկերությունների, ինչպես նաև միջոցառմանը օժանդակելու պատրաստակամություն հայտնած կառույցների ռեսուրսները: Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Գեղարքունիքի մարզ է այցելել ՀՀ ՏԿԶ նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, Լոռիի, Տավուշի և Վայոց ձորի մարզեր` ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:
Համապետական շաբաթօրյակին ՀՀ ՏԿԶ նախարարության աշխատակազմի աշխատակիցները մասնակցում են «Հաղթանակ» զբոսայգու տարածքում: