yerkir.am — ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, որն այժմ Թալինում է, լրագրողների հետ զրույցում խոսեց ընթացող ընտրությունների մասին: Լրագրողների դիտարկմանը, թե ՀՀԿ-ն հին մեթոդներով է առաջնորդվում` կուտակումներ են ՀՀԿ-ի շտաբի մոտ, Երևանի թաղապետեր են այստեղ, անգամ՝ փոխքաղաքապետը, որոնք եկել են աջակցելու Հանրապետական կուսակցության այս գործելաոճին, Վարդանյանն արձագանքեց.
«Ես տեղյակ եմ` նախորդ ընտրություններում ինչեր են կատարվել, համեմատելու չի, և այս առումով որևէ դժգոհելու բան չունեմ: Կուսակցություն է, իր ռեսուրսը պետք է օգտագործի, իր մարդուժը օգտագործի, խնդիր չեմ տեսնում: Կարծում եմ, որ այդ ամենն արտառոց չէ:
Վստահ եմ, որ մեր երկրի համար` մանավանդ այս իրավիճակում, բոլորն էլ հասկանում են, որ սա ընդամենը համայնքի ղեկավարի ընտրություն է, և ժողովուրդն ինքը պետք է կատարի իր ընտրությունը: Նկատի ունենալով նախորդ արվածները` մանավանդ այն, թե նախորդի գլխին ովքեր են կանգնած, քաղաքացին պետք է որոշի: Ճնշումները, վախի զգացումները միայն կխանգարեն»:
Վարդանյանը նկատեց, որ բավական ակտիվ է ժողովուրդը. ժամը երկուսի դրությամբ 1500 ընտրող է մասնակցել, որը միջին մասնակցություն է:
«Այս ակտիվությունը, նաև մեր մասնակցությունը, սթափեցրեց նրանց»,- ասաց Վարդանյանը: ՀՅԴ-ական գործիչը նշեց, որ վերջին 10 օրը լինելով Թալինում` ականատես է եղել, որ ՀՅԴ-ի թեկնածու Տիգրան Հարությունյանին հարգում են, և որևէ վատ բան չի լսել նրա հասցեին. դաստիարակված, հեղինակություն վայելող, հարգանք վայելող անձնավորություն է: Ըստ Վարդանյանի, թալինցիներն իրենք պետք է որոշեն իրենց ապագան, նրանք պետք է գիտակցեն և գիտակցում են, որ իրենց համայնքն է սա, և իրենք պետք է ընտրեն քաղաքապետին:
Դիտարկմանը, որ ՀՀԿ-ի շտաբը նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն է մոբիլիզացնում, Աղվան Վարդանյանը նկատեց.
«Ընտրությունների օրն է, ես չէի ուզենա քարոզչական շերտեր լինեին: Նախկին մարզպետը համարում է իր կյանքի ու մահվան խնդիրը և փորձում է վերականգնվել, և սա ակնհայտ է: Բարձրաստիճան շատ հանրապետականներ այս օրը ոչ թե Հրազդանում են, այլ Թալինում: Դե կուսակցություն է, իրենց կուսակցական խնդիրներն են: Ինձ համար տարօրինակ է այլևս վերջնականապես նախկին, ընդմիշտ նախկին մարզպետի ակտիվությունը»:
Source: Yerkir Media
Link: Աղվան Վարդանյան. Թալինի ընտրությունները նախկին մարզպետի համար կյանքի ու մահվան խնդիր են դարձել