Այդ վիճաբանությունը խուլիգանական չի եղել. Գուրգեն Արսենյանը` որդու կալանավորման մասին

armtimes.am — ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդուն 21-ամյա Գուրգեն Արսենյանին կալանավորելու դատարանի որոշումը կբողոքարկվի:

Այս մասին քիչ առաջ մեր զրույցում ասաց պատգամավորը: Վերջինս մեր զրույցում նշեց, որ Երեւանի գիշերային ակումբներից մեկում որդին ընկերների հետ վիճաբանել է երեք անձանց հետ.

«Սովորական վիճաբանություն է»,- ասաց նա՝ հավելելով, որ որդին չի խուսափում վարույթն իրականացնող մարմնից. «Ինքն արտերկրում էր, զանգել զգուշացրել էր քննչական մարմիններին եւ նաեւ ֆաքս էր ուղարկել, որ այսինչ օրը ես գալիս եմ: Նշված օրն ինքը եկել է, սահմանին ձերբակալվել: Հանկարծ չմտածեն, որ նա խուսափել է»,- մանրամասնեց Արսենյանը:

Պատգամավորը տեղեկացրեց, որ համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն՝ իրավական պաշտպանություն իրականանցնելու համար.

«Նախաքննական մարմինը խուլիգանության 4-րդ մասով մեղադրանք է առաջադրում, իսկ մենք գիտենք, որ այդ վիճաբանությունը խուլիգանական չի եղել, եղել է վիճաբանություն իրար վիրավորելու համար: Օրենքով մեզ ընձեռնված բոլոր հնարավորությունները կօգտագործենք, որպեսզի մեր տեսակետն ապացուցենք, մենք կարծում ենք, որ այս վիճաբանությունը նման հոդվածի բան չէ»,- ասաց նա:

Մեր հարցին ի պատասխան Արսենյանն ասաց, որ քրեական գործի շրջանակներում իր տեղեկություններով այս պահի դրությամբ միայն իր որդին է կալանավորված:

«Մեզ այս որոշումներն էր պետք որպեսզի սկսենք իրավական գործողությունների շարք»,- եզրափակեց Արսենյանը:

Գուրգեն Արսենյանի որդուն նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանություն որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ): 21-ամյա Գուրգեն Արսենյանը կալանավորվել է այսօր:


Source: Yerkir Media
Link: Այդ վիճաբանությունը խուլիգանական չի եղել. Գուրգեն Արսենյանը` որդու կալանավորման մասին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image