Այս «քրեա-քաղաքական» մոռացյալներին որտեղի՞ց եք պեղում

Պարզվում է` երբեմն հիվանդանալն իր դրական կողմերն ունի: Կարելի է անդրադառնալ այնպիսի մանր հարցերի, որոնց վրայով առողջ առօրյայում սովորաբար պարզապես անցնում ես: Երբ օրեր առաջ համացանցում աչքովս ընկավ մի տեսանյութ, որի հերոսը վաղուց արդեն գոյատեւում է, իր իսկ երբեմնի գլխավոր «շեֆի»՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի բնորոշմամբ՝ «քաղաքական լուսանցքում», հենց այդպես էլ վարվեցի՝ արհամարհեցի ու անցա:

Մինչդեռ հիմա մարմնիս 38.8 աստիճան ջերմությունը չի թողնում լուրջ բաների մասին մտածել, առավել եւս գրել, առավել եւս՝ ֆեյսբուքում:

Իսկ անլուրջ բանը, որն ավա՜ղ դիտեցի եւ որին ավա՜ղ պիտի անդրադառնամ, Հայաստանի նախկին բանտապետ, շատ ընկերներիս հաշմանդամ դարձրած շիրակցի Մուշեղ Սաղաթելյանի հարցազրույցն է, որի հենց վերնագրում ասվում է, թե հոկտեմբեր 27-ի պատվիրատուն Դաշնակցությունն ու Ռոբերտ Քոչարյանն են։

Այն, որ ազատամարտիկ ներկայացող, հարյուր տեր ու ճամբար փոխած Հայաստանի երբեմնի թիվ մեկ «կլյուչնիկը», ով իր «քաղաքական» գործունեության արդյունքում ընդամնեը մնացել է հասցեատերը հազարավոր մարդկանց հայհոյանքների, քաղաքական տարրական գիտելիքներ չունի, պարզ էր ի սկզբանե։ Բայց վատագույն կանխատեսումներս այդ հարցազրույցում գերացանցեցին իրենց։ Հոկտեմբեր 27-ի մասին որեւէ բան չիմացող ու պատվիրատուի հարցերը կրկնող աղջնակին Ռուսաստանի դերակատարության մասին անհոդաբաշխ նախադասություններ հրամցնող բանտապետ Մուշեղը մեկ էլ, արի ու տես հայտնում է Ազգային Ժողովում տեղի ունեցած ու Հայաստանը տասնյակ տարիներ ետ գցած ահաբեկչության իբր «պատվիրատուի» անունը՝ Դաշնակցություն։ Եվ պատճառը՝ իբր, Վազգեն Սարգսյանը թույլ չէր տալիս ՀՅԴ-ին ամբողջական իշխանության գալ։

Այստեղ են ասում՝ չմտնել մատի ու մատանու արանքը։ Վազգեն Սարգսյանի ու նրան երբեմն շրջապատող շատ երկրապահների պատկերացումները, աշխարհայացքը, մակարդակներն այնքան տարբեր էին, որ թերեւս այդ մարդկանց հետ Հայաստանի վարչապետը երկու բառ չէր խոսում հայաստանյան քաղաքական իրականության, ուժերի հարաբերությունների, մեր երկրի զարգացման տեսլականի շուրջ։ Հակառակ դեպքում Մուշեղ Սաղաթելյանն ու տարբեր «օբյեկտներում» մի կտոր հաց կիսող ու պատեհ-անպատեհ Սպարապետի  կենացն առ ի պարտականություն խմածները հո կիմանային, որ հոկտեմբեր 27-ից մի քանի ամիս առաջ Դաշնակցության ու Վազգեն Սարգսյանի միջեւ կնքվել էր ռազմավարական  համագործակցության համապարփակ համաձայնագիր։ Փառք Աստծո, դրա բնագիրը մինչ օրս պահվում է Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմնի արխիվում։ Իբրեւ այդ ամենի մասնակից եմ ասում՝ երնեկ այդ փաստաթղթում արձանագրված կետերն ու ծրագրերն իրակականություն դառնային։

Եվ նորից մատի ու մատանու մասին։

Այդ ահաբեկչությունից քիչ ժամանակ առաջ, 1998 թվականին, նույն Դաշնակցության ու Վազգեն Սարգսյանի եւ այլոց սերտ համագործակցության արդյունքում Մուշեղ Սաղաթելյանի երբեմնի գլխավոր «շեֆը», հետո  իր իսկ կողմից դավաճանված, ապա վերստին նորից առաջնորդ հռչակված Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռացվեց իշխանությունից։ Դաշնակցությունը, Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Բաբայանը, Սերժ Սարգսյանն էին, որ համախորհուրդ էին այդ օրերին։ Իսկ Մուշեղ Սաղաթելյանը փաստերի պարտադրանքով, իրողություններից ելնելով, ճամբար փոխած իբրեւ շարքային մի մասնիկ երկրապահ էր այդ օրերին, ով 98-ի նախագահական ընտրարշավին Վազգեն Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին դուր գալու համար Ակադեմիայում տեղակայված  Քոչարյանի նախընտրական շտաբում գիշերներ էր լուսացնում (հիմա է արդեն Ռոբ ու Սերժ ասում), այդ օրերին «պարոններ Սարգսյանին ու Քոչարյանին» հեռվից բարեւ տալու հնարավորությամբ ուրախանալու համար։ Հետո էր արդեն, որ նորից պիտի իր առաջնորդ հռչակեր Արցախի հարցում լայնածավալ զիջումների ճամփան բռնած ու Դաշնակցության եւ Վազգեն Սարգսյանի համագործակցությամբ իշխանությունից հեռացված Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Անհայտ է, այսօ՞ր էլ է  Լեւոն Տեր-Պետրոսյանին իր առաջնորդը համարում, բայց փաստ է, որ ուրախությամբ պատրաստ է «պեղվել» կամ «ինքնապեղվել», որ մի երկու թթու խոսք ասի Դաշնակցության հասցեին, որի շատ անդամներ իր բանտապետ եղած շրջանում անիմաստ տարիներ անցկացրեցին բանտերում։ (Կհիշի, կարծեմ, Աշոտ Փափազյանին, վերջինիս անկեղծ խոսքը վարունգի օգտագործման միջոցների մասին ու վերջինիս՝ մեկ ամսից ավելի մենախցում անցկացնելու իր հրահանգը)։

Ախր, Սուշեղ Սաղաթելյանն այդպես էլ չհասկացավ, որ մարդ  ողջ կյանքում  իր ընտրությամբ է աշխատում «կլյուչնիկ», այլ ոչ թե շահի թելադրանքով պարբերաբար փոխում մասնագիտությունն ու երբեմն աշխատում ազատամարտիկ, ռազմական ոստիկան, «քաղաքական գործիչ», վերակենդանացած «հարցազրույց տվող»  եւ պատվեր կատարող։

Ի դեպ, Մուշեղ Սաղաթելյանն իր հարցազրույցի ավարտին հոկտեմբեր 27-ի մեծագույն վնասներից մեկը համարեց Հայաստանի տուրիզմի զարգացման հնարավորության կորուստը։ Ափսոս, որ այդ մակարդակին էլ մնացին Ղարաբաղյան շարժման ալիքի վրա, պատահաբար իշխանության մեջ հայտնված շատ «ասֆալտի» ֆիդայիներ։ Հոկտեբեր 27-ով ընդհատվեց իմ հիշատակված՝ Դաշնակցության ու Վազգենի միջեւ կնքված ռազմավարական հուշագիրը, որի կյանքի կոչվելու դեպքում  Հայաստանում վիճակ չէին թելադրի նույն «ասֆալտի» ֆիդայիներն ու ասենք՝ Շիրակի կամ Սյունիքի մարզերն այդ դժվար օրերին թալանածներն ու դուռ կփակեին հետագա թալանների առաջ։

Ցավոք, այդպես չեղավ։

Հ.Գ.-Իսկ 1in.am կայքի իմ գործընկերներին կխնդրեմ, պեղելուց թարմ ու գոնե աննշան հետաքրքրություն կամ իմաստ ունեցող թափոններ լուսանցքներից  հանել։ Կամ Դաշնակցության դեմ արդեն որերորդ անգամ արշավ սկսելիս նոր թեմաներ գտնել։ Թե չէ «Թիֆլիսում պառավոզ է շուռ եկել ու Դաշնակցությունն է մեղավոր» ծամծմված լեգենդը շատ մաշված է։ Բայց իրոք, հետաքրքիր է՝ որտեղի՞ց եք գտնում այս մոռացված մարդկանց։ Լուրջ։ Հայաստանի կոմկուսի գաղափարական պայքարի գրասենյակների հեռախոսագրքերը հո ձեզ մոտ չե՞ն։

Source: Yerkir Media
Link: Այս «քրեա-քաղաքական» մոռացյալներին որտեղի՞ց եք պեղում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image