Աշոտ Ղուկլյանը՝ Բեկորն, այսօր կդառնար 57 տարեկան

Հոկտեմբերի 6-ին լեգենդար հերոս Աշոտ Ղուլյանը կդառնար 57 տարեկան: Արդեն 24 տարի` քաջ հրամանատարի ծննդյան օրը նշում են առանց նրա: Նրա ընտանիքի անդամները, մարտական ու կուսակցական ընկերները, «Բեկորի» անունը կրող դպրոցի ուսուցիչներն ու սաները, զինծառայողներն այսօր Ստեփանակերտում՝ Բեկորի անվան պուրակում են հավաքվել: 
 
 Մարտական անունն Աշոտ Ղուլյանը ստացել էր դեռևս նախապատերազմյան շրջանում, երբ 5 հոգով Շահումյանից Ստեփանակերտ զենք էին տեղափոխում: 5 տղաներից 4-ի անունը Աշոտ էր և, որպեսզի խոսելիս միմյանց տարբերեն, որոշում են բոլորին մականուն տալ: Աշոտին, որն արդեն հասցրել էր ինքնաշեն զենքերը փորձարկելիս մի քանի բեկոր «վաստակել», անվանեցին Բեկոր:
«Շատ դժվար է, որ քաջությունը, ազնվությունը, հայրենասիրությունը որպես գաղափար միավորվի մեկ անձի մեջ: Աշոտ Ղուլյանն այդ անձերից էր: Ցանկացած ազգ իր հերոսներով է հպարտանաում եւ ցանկացած ազգ հպարտ պետք է լինի, եթե Աշոտ Բեկորի նման հերոս ունենա: Աշոտ Բեկորը ոչ թե հերոս էր մեկ սերնդի համար, այլ հավերժության համար»,- ասում է ՀՅԴ անդամ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը:
Արցախյան ազատամարտի տարիներին Բեկորն ազատարարի առաքելությամբ ամենուր էր՝ Ասկերան, Հադրութ, Շահումյան, Կրկժան. մարտական գործողությունների շարքն երկար է, փառապսակը՝ հայոց բերդաքաղաք Շուշին:
 
«Եթե զինվորից սկսած մինչև նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով…»,- ասում էր Արցախի լեգենդար հերոսը, որի համար «հայրենասիրությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում»:
 
 Աշոտ Բեկորի ծննդյան օրը նրա հուշակոթողի մոտ տեղի է ունեցել «Զարթոնք» մանկապատանեկան կազմակերպության «Արծվիկներ» ջոկատի երդման արարողությունը:
 
«Նախ սկսեմ նրանից, որ Աշոտի եւ մնացած զոհված տղաների մեծ նպատակն էր, որ մեր երեխաներն ապրեն խաղաղ պայմաններում, իրենց հայրենի հողի վրա, եւ այսօր այս երդման արարողությունը մեր տղաների երազանքների մի մասն է , որ իրականանում է»,- ասում է  Աշոտ Ղուլյանի այրին:
Աշոտ Ղուլյանն արեց կարելին եւ անկարելին. հոգին դրեց, սերը դրեց եւ օրինակը թողեց մատաղ սերնդի համար: Արդարության համար մարտնչում էր, արդարության համար էլ նահատակվեց եւ անմահացավ:
Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image