Ադրբեջանական կողմը թիրախավորում է խաղաղ բնակավայրերը` հարվածելով նաև քաղաքներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Գիշերը բավական լարված է եղել, ադրբեջանական կողմը հրետակոծել է ու կրակել է բավական շատ, մոտ 550 հրետանային արկ: Հակառակորդը թիրախավորել է բնակավայրերը, հատվածներ, որտեղ ապրում է խաղաղ բնակչությունը: Ըստ էության, խփում են քաղաքներին, մասնավորապես, Մարտակերտ քաղաքին են հարվածել:
Այս հարցը պետք է բարձրացնել Կարմի խաչի միջազգային կոմիտեում, այլ միջազգային կազմակերպություններում: Ընդգծում եմ` Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ ՊՆ դեռ երեկոյան տարածած հայտարարության մեջ նշել է, որ ապրիլի 26-ի ողջ օրվա ընթացքում էլ հակառակորդը շարունակում է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ինչպես ողջ առաջնագիծը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը` կիրառելով տարբեր տրամաչափի ականանետեր, 85, 100, 122 ու 152 միլիմետրանոց թնդանոթներ, ՄՄ-21 (Գրադ) կայանքներ և 9Մ33 Մ3 տիպի զենիթահրթիռային համալիր:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկել են պատժիչ գործողություններ` նրան հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ:
Առաջնագծում իրադրության մասին պարբերաբար տեղեկացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը: Դեսպանի հետ ապրիլի 26-ի երեկոյան հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում ներկայացվել է ղարաբաղա-ադրբեջանական զինված դիմակայության գոտում տիրող իրավիճակը և Ադրբեջանի սադրիչ գործողությունները: Ընդգծվել է ԵԱՀԿ-ի դերը զինված դիմակայության գոտում լարվածության թուլացման գործում, ինչպես նաև մոնիտորինգային և միջադեպերի հետաքննության մեխանիզմների շուտափույթ ներդրման անհրաժեշտությունը:
Source: Yerkir Media
Link: Առաջնագծում իրադրության մասին պարբերաբար տեղեկացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը