Ավազակային հարձակում Երևանում. կա 1 զոհ, 4 վիրավոր

shamshyan.com — Երևանում այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ժամը 04:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Դոդոխյան 24 տանից վիճաբանության ձայներ են լսվում և հնչել են կրակոցներ:Հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քր. օրենքի 175 հոդվածի 3-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նշված տանից հրազենային և կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոցներ են տեղափոխվել նույն հասցեի բնակիչներ 57-ամյա Լևոն Ավետիսյանը, նրա որդին՝ 17-ամյա Դավիթ Ավետիսյանը և փեսան՝ 32-ամյա Սամվել Հարությունյանը: Իսկ մյուս վիրավորը Երևան քաղաքի Պապովի 58 տան բնակիչ, 25-ամյա Էդգար Մկրտչյանն է: Ոստիկաններն ու քննիչները նշված տան 2-րդ հարկում հայտնաբերել են նաև Պապովի 51 տան բնակիչ, 30-ամյա Հրաչյա Ֆալանջյանի դին:

Հարևանները պատմել են, որ Հ. Ֆալանջյանն ու Է. Մկրտչյանը՝ զինված ատրճանակով ու դանակով, դիմակավորված, 2-րդ հարկի պատուհանը բացելու միջոցով մտել են Լ. Ավետիսյանի տուն և ատրճանակի ու դանակի սպառնալիքով փորձել ավազակային հարձակում կատարել: Տանտերերը՝ չվախենալով ճիվաղներից, դիմադրություն են ցույց տվել ու անգամ վիրավորված վիճակում կարողացել են վնասազերծել նրանց:

Հարևանները նշել են նաեւ, որ մահացած Հ. Ֆալանջյանը ոստիկանության նախկին աշխատակից էր, ում ժամանակին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հեռացրել է ոստիկանության համակարգից՝ սպայի պատիվն արատավորելու համար: Տուժած Լ. Ավետիսյանը նույնպես ոստիկանության նախկին աշխատակից է, իսկ այս պահին համարվում է «Bravo» տաքսի ծառայության տնօրենը:

Դեպքի վայրում ոստիկանները, քննիչները ու ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները հայտնաբերել են ատրճանակ՝ խլացուցիչով, պարկուճներ, գնդակներ, դիմակներ, և այլն:


Source: Yerkir Media
Link: Ավազակային հարձակում Երևանում. կա 1 զոհ, 4 վիրավոր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image