Հայ գեղնկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը զարդարում է Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը: Լքված գործարանի շենքից է տեղափոխվել այստեղ: Որմնանկարի վերականգնումն իրականացվել է Մինաս Ավետիսյան մշակութային հիմնադրամի կողմից ԱՄՆ դեսպանի՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ: Վերականգնման աշխատանքներին մասնակցել է նաեւ հայտնի իտալացի վերականգնող ֆաբրիցիո Յակոպինին:
««Սարերում» որմնանկարը գտնվում է արվեստագետների, նորարարների հաջորդ սերնդի աչքի առաջ: Այժմ նրանք կտեսնեն Հակոբ Հակոբյանի այս ստեղծագործությունը, կծանոթանան դրա պատմությանը, եւ դա կոգեշնչի նրանց ստեղծելու արվեստի նոր գործեր»,- նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Սարերում որմնանկարի վերականգնումը Մշակույթի նախարարության կողմից հիմնադրամին ներկայացված հայոց մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող ծրագրերից մեկն է: 6 տարիների համագործակցության ընթացքում նախարարության կողմից ներկայացված 9 ծրագրերից հիմնադրամի կողմից ֆինանսավորվել է հինգը՝ 657 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով:
Գյումրին հոգեհարազատ է ինձ,- ասում է ԱՄՆ դեսպանն ու գյումրեցիներին խոստանում՝ այստեղ դեռ շատ ծրագրեր է իրականացնելու: Մշակույթի նախարարն էլ ներկայացնում է Գյումրիում իրականացվելիք ծրագրերն՝ առավել առարկայական:
«Կումայրի արգելոցի մի հատվածին բովանդակություն ներշնչելու ծրագիր է կոչվում՝ այսպես պայմանական ասած: Որտեղ պետք է վերականգնվեն արհեստագործական փոքր ընկերություններ, փոքրիկ հյուրանոցներ, սրճարաններ, կոշկակարի, դարբնոցի արհեստանոցներ: Սրանք առայժմ վիրտուալ համակարգի մեջ, մինչեւ կարողանանաք գտնել նվիրատուներ»,- նշեց նախարարը:
Վերջում նախարարը հուշանվեր է հանձնում դեսպանին եւ վստահություն հայտնում, որ իրենց համագործակցությունը շարունակվելու է՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության:
Դեսպանն էլ խոստանում է՝ հուշանվերը տեղ է գտնելու իր աշխատասենյակում:
Source: Yerkir Media
Link: Ավարտվել են Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի վերականգնման աշխատանքները