Արթուր Իսպիրյանի երգերը միայն հին Երեւանի մասին են

Առանց երբեմնի վարդագույն քաղաքի ապրելը բազում հայերի համար անկարելի է։ Նրանց շարքին է դասվում նաև երգիչ Արթուր Իսպիրյանը: Այստեղ է ծնվել, մեծացել, այստեղ են նրա հիշողություններն ու ընկերները։ Մեզ հետ զրույցի ընթացքում անկեղծացավ, որ ունի նախընտրելի վայրեր, որտեղ էլ որ հաճախ կարելի է նրան տեսնել` Կասկադ, Մոնումենտ, Անգլիական այգի, Սիրահարների այգի եւ այն բոլոր վայրերը որտեղ կարելի է թեկուզ մեկ վայրկյանով տեղափոխվել հին Երևան: Եվ իր երգերում էլ հենց այդ Երևանն  է գովերգում:

« Երևանի մասին ունեմ հատուկ ձայնասկավառակ,  որտեղ միայն երեւանյան երգերն են` սկսած 1937 թվականից մինչ 50-60-ական թթ, որը կոչվում է  «Ռադիո Երևան»: Դա  նվիրված է Երևանին, ռադիոյի 65-ամյակին և հեռուստատեսության 55-ամյակին: Ունեմ նաև մի քանի սկավառակներ, որտեղ եւս Երեւանի մասին երգեր կա»,- ասում է Իսպիրյանը:

Այս հարցում նրան օգնել է Երևանի մեծ գիտակ, ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը: Արթուր Իսպիրյանը հիշողության էջերը թերթելով պատմում է, թե ինչպես են գիշերային ժամերին ձայնագրություններ կատարել, երգերի հեղինակային իրավունքի առաջացած խնդիրները լուծել ու մեծ դժվարությամբ ձայնասկավառակը թողարկել: Պատմում է, որ ամենի հետ մեկտեղ հաճելի գործընթաց էր, քանի որ գովերգում էին Երևանը` հայի բնորրանը: Անկեղծացավ նաև, որ Երևանի մասին նոր երգեր չի սիրում ու երբև է չի կատարի, քանի որ այնտեղ նոր քաղաքն է, իսկ ինքը սիրում է հինը:

Հանդիպել Արթուր Իսպիրյանի հետ, զրուցել Երեւանի մասին ու չխնդրել, որ երգի, մեզ համար անկարելի կլիներ:

Նա մի մտահոգություն ունի, որ չմոռացվեն տարիներ առաջ եղած Երևանն ու նրան ձոնված երգերը: Քանզի կարծում է, որ մեր երիտասարդները քաղաքին նվիրված երգերից մի քանիսին են ծանոթ: Իսկ թե նրանք այդ երգերից որն են հիշում, սիրում ու երգում, պարզել ենք քաղաքում փոքրիկ շրջայց կատարելով։

Այսպիսինն է մեր Երեւանն այստեղ, միշտ երգում են, ժպտում անծանոթին ու օգնում կարիքավորներին, այստեղ արվեստագետները մշտապես ստեղծագործելու, նորը արարելու ցանկությամբ են լցված : Այդ պատճառով էլ թեկուզ մեկ անգամ այցելած օտարերկրացին հեռանում է նորից գալու ակնկալիքով, իսկ տեղացին պահում ու պահպանում է քաղաքի ամեն մի քարն ու շենքը` հստակ գիտակցելով նրա անգնահատելի լինելու հանգամանքը:

 


Source: Yerkir Media
Link: Արթուր Իսպիրյանի երգերը միայն հին Երեւանի մասին են

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image