tert.am — Մայիսի 18-ին տեղացած կարկուտը վնասել է Արմավիրի մարզի Բերքաշատ համայնքի ամբողջ բերքը:
Tert.am-ի հետ զրույցում բերքաշատցի Սրապիոն Գևորգյանը պատմեց. «Հակակարկտային կայանները չեն աշխատել, աշխատեցին միայն, երբ կարկուտն ամեն ինչ ավիրեց: Թե ինչն է պատճառը, որ հակակարկտային կայանները չկրակեցին, ոչ ոք չգիտի»:
Սրապիոն Գևորգյանը վստահ է, որ այսպիսի դեպքերը էլի կկրկնվեն ու հարցրեց. «Ի՞նչ է մտածում կառավարությունը, ի՞նչ է մտածում Արտակարգ իրավիճակների նախարարությունը»:
Սրապիոն Գևորգյանը հաճախորդից նախապես 400 հազար դրամ է վերցրել, կեռասի բերքը նրան վաճառելու համար, ծախսել, հիմա այդ մարդն եկել իր գումարը հետ է ուզում` ասելով. «Կարկուտն արդեն վնասել է, ինձ պետք չի քո գիլասը»:
Անելանելի դրության մեջ հայտնված գյուղացին հարցնում է. «Դրա պատասխանն ո՞վ է տալու, հողի, ջրի հարկ պետք է տանք, երեխայի ուսման վարձ պետք է տանք»:
Ըստ նրա` բացի Բերքաշատից լուրջ վնասներ է կրել նաև Շենավանը:
Source: Yerkir Media
Link: Բերքաշատ գյուղի ողջ բերքը վնասվել է. հակակարկտային կայաններն աշխատել են բերքը վնասվելուց հետո