«Գեղարվեստի շատ ճյուղերում են հայերն առաջատար, նրանցից սովորելու շատ բան ունենք»

Իրանցի գրող, թարգմանիչ Ղավամեդին Ռազավիզադեին հանդիպեցինք Հայաստանից մեկնելուց ժամեր առաջ: Հայերին ծանոթ է փոքրուց. հոր աշխատավայրում լավագույն ճարտարագետները հայեր էին: Հայ գրականությամբ հետաքրքրվել սկսել է ուսանողական տարիներից, երբ Իրանում կապի եւ հաղորդակցության ֆակուլտետն ավարտելուց հետո մեկնել է Փարիզ՝ ուսումը շարունակելու: Հիմնականում ֆրանսերենի, ռուսերենի, նաեւ պարսկերենի միջոցով է ծանոթացել հայ գրականությանը:
Մի քանի տարի առաջ Ղավամեդին Ռազավիզադեն սկսեց ֆրանսերեն բնագրից թարգմանել Վահե Քաչայի «Մի դաշույն այս պարտեզում» վեպը, որը լույս տեսավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով:
 
«1987 թվականին Փարիզի լավագույն գրախանութներից մեկի ցուցափեղկում իմ ուշադրությունը գրավեց Վահե Քաչայի «Մի դաշույն այս պարտեզում» վեպը: Առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին լսել եմ դպրոցական տարիներին՝ հայ դասընկերոջիցս, եւ միշտ ցանկացել եմ այդ ողբերգության մասին ավելին իմանալ: Քաչայի գիրքը կարդալուց հետո որոշեցի թարգմանել այն: Դժվար է հավատալը, բայց երբ համալսարանում դասախոսելուց հետո հոգնած ու հոգեպես ջախջախված տուն էի վերադառնում, մի փոքր հանգստանալուց հետո սկսում էի թարգմանել մինչեւ ուշ գիշեր, եւ երբ գրիչը վայր էի դնում, արտասվում էի»,- պատմում է Ղավամեդին Ռազավիզադեին:
 
Իրանցի ընթերցողն առաջին անգամ ծանոթացել է իրանահայ գրող Ափիկ Ավագյանի գրականությանը Ղավամեդին Ռազավիզադեի թարգմանությունների շնորհիվ: Նա նաեւ հոդվածների շարք է պատրաստում Իրանի հայկական «Պայման» հանդեսի համար, որի խմբագրական կազմի անդամ է: Հոդվածները հիմնականում առնչվում են հայ գրականությանը, նաեւ զուգահեռներ է անցկացնում հայ եւ իրանակական գրականությունների միջեւ:
 
«Ցավոք, իրանցի արվեստագետները ծանոթ չեն հայ գրականությանը, անհրաժեշտ է նախեւառաջ իրար ճանաչելու հնարավորություն ստեղծել: Մենք ունենք դասական հարուստ գրականություն, սակայն դրանք բանաստեղծություններ են, իսկ վեպ առաջին անգամ գրվել է 1936 թվականին: Մինչդեռ հայերը վաղուց ստեղծագործում էին այդ ժանրում: Գեղարվեստի շատ ու շատ ճյուղերում են հայերն առաջատար, եւ մենք նրանցից սովորելու շատ բան ունենք»:
 
Ասում է՝ իր վրա խորը ազդեցություն են թողել հատկապես Թումանյանի, Չարենցի, Շիրազի ստեղծագործությունները: Ափսոսում է, որ հայերեն չիմանալու պատճառով զրկված է սիրելի հեղինակներին թարգմանելու հնարավորությունից:
 
«Գիտեմ, որ միջնորդված թարգմանությունների դեպքում մի շարք նրբություններ անտեսվում են, հատկապես՝ բանաստեղծությունների պարագայում: Ես երբեք համարձակություն չեմ ունեցել չափածո գործեր թարգմանել: Շատ կցանկանայի սովորել հայերեն, բայց չգիտեմ՝ այս տարիքում կկարողանա՞մ»:
 
Հայաստան առաջին այցից տպավորված է. Երեւանը եվրոպական քաղաք է, փոքրիկ հայկական Փարիզ, բայց ամենուրեք տեսանելի է նրա հայկականությունը: Ասում է՝ «Կարծես՝ գոյությանս մի մասնիկն եմ թողնում այստեղ»:
Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image