Համբուրգում ընթացող ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն:
Հայտարարության մեջ շեշտվում է, որ համանախագահող երկրները լիովին հանձնառու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորմանը:
«Հաշվի առնելով ապրիլին շփման գծում բռնության աճը` մենք մտահոգություն ենք հայտնում շարունակական զինված միջադեպերի` այդ թվում ծանր զինատեսակների կիրառման առնչությամբ, և խստորեն դատապարտում ենք ուժի և դրա սպառնալիքի կիրառումը: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի և ոչ մի արդարացում չկա քաղաքացիական անձանց մահվան և վիրավորման դեպքերի վերաբերյալ: Մենք նաև տեղյակ ենք ռազմաճակատում ապրիլին տեղի ունեցած վայրագությունների մասին, որոնք մենք դատապարտում ենք ամենախիստ ձևակերպումներով: Մենք կոչ ենք անում կողմերին հաստատելու իրենց հանձնառությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը` որպես տարածաշրջանի ժողովուրդների միջև համերաշխության հաստատման միակ ճանապարհ: Մենք նաև նրանց կոչ ենք անում խստորեն հետևել 1994-1995 թվականների հրադադարի համաձայնագրերին, որոնք հակամարտության գոտում բռնությունների դադարեցման հիմնավորումն են:
Մենք կոչ ենք անում Բաքվին և Երևանին հարգելու մայիսի 16-ին Վիեննայի գագաթնաժողովում և հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովում ընդունված համատեղ հայտարարություններում ամրագրված համաձայնությունները: Մենք ողջունում ենք կողմերի գրանցած առաջընթացը անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հովանու ներքո: Կոչ ենք անում կողմերին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնման հարցում վերացնել բոլոր խոչընդոտները և առաջընթաց գրանցել ԵԱՀԿ հետաքննություն մեխանիզմի ստեղծման առաջարկի շուրջ: Առաջարկները պետք է իրականցվեն կարգավորման շուրջ բանակցությունների անմիջապես վերսկսմանը զուգահեռ: մենք կցանկանայինք կրկնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին մեր կոչը` ճկունություն ցուցաբերելու և բանակցային սեղանին վերադառնալու`ընթացիկ աշխատանքային առաջարկների հիման վրա դեպի կայուն խաղաղության հաստատում առաջ շարժվելու նպատակով: Քանի դեռ բանակցություններում առաջընթաց չի գրանցվի, վերսկսված բռնության հեռանկարները միայն կմեծանան, իսկ կողմերը լիակատար պատասխանատվություն կկրեն դրա համար:
Հիշեցնում ենք կողմերին, որ կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկիի Եզրափակիչ ակտի, մասնավորապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքների հիման վրա, ինչպես նաև համանախագահող երկրների նախագահների առաջարկած հավելյալ տարրերի հիման վրա, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ ադրբեջանական վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որն ապահովում է անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը սահմանող իրավականորեն պարտադիր կամարտահայտություն, ներքին տեղահանված բոլոր անձանց և փախստականների վերադարձ իրենց նախկին բնակության վայրեր և միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք ներառում են խաղաղապահության գործողություն: Մեր երկրները շարունակելու են սերտորեն աշխատել կողմերի հետ և մենք կոչ ենք անում նրանց ամբողջությամբ օգտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` որպես միջնորդների օժանդակությունից:
Համանախագահները պատրաստ են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն այն ժամանակ, երբ նրանք պատրաստ կլինեն: Մենք խորապես հավատում ենք, որ նախագահները պետք է բարի կամքով հնարավորինս շուտ ներգրավեն բանակցություններում: Նախագահների միջև շարունակական և ուղիղ երկխոսությունը, որն անցկացվում է համանախագահների հովանու ներքո, մնում է վստահության կառուցման և խաղաղ բանակցային գործընթացում առաջ շարժվելու հիմնարար տարրը»,- ասված է համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:
Source: Yerkir Media
Link: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳՆ-ները ԼՂ հարցի վերաբերյալ հայտարարություն են ընդունել