Եգիպտոսում վիրավորում ստացած հայ կնոջ վիճակը բարելավվել է

August 11, 2017

Մոտ մեկ ամիս առաջ եգիպտական ծովափերից մեկում վիրավորում ստացած հայ կնոջ վիճակը բարելավվել է: Այդ մասին Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին տեղեկացրել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր եւ կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանը, ով գործուղվել էր Կահիրե` հուլիսի 14-ին Հուրգադայում տեղի ունեցած դեպքի հետեւանքով վիրավորում ստացած հայ զբոսաշրջիկի առողջական վիճակին տեղում ծանոթանալու եւ անհրաժեշտության դեպքում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Պրոֆեսորը նախարարին ներկայացրել է, որ իր այցի օրը` օգոստոսի 3-ին, 46-ամյա մեր հայրենակցուհու վիճակը գնահատվել է կայուն ծանր: Քննարկելով տուժածի վիճակը` նշանակվել են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքներով կատարվել են կոնսերվատիվ բուժման լրացումներ:

Օրեր անց հիվանդի մոտ նկատվել է վիճակի դրական դինամիկա, իսկ արդեն օգոստոսի 9-ին տեղափոխվել է հիվանդասենյակ:

Բժշկի խոսքով հիվանդի՝ Հայաստան տեղափոխման հարցը կքննարկվի վիճակի հետագա որոշակի բարելավումից հետո:

Source: Yerkir Media
Link: Եգիպտոսում վիրավորում ստացած հայ կնոջ վիճակը բարելավվել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image