«Արամ Խաչատրյան» համերգասրահում ամփոփում են «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի 9-րդ հանրապետական մրցույթի արդյունքները:
Երգչախմբային արվեստի զարգացմանն ուղղված մրցույթն անցկացվում է 2001 թվականից: Մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանն ասում է՝ Հայաստանի երաժշտական ընկերության այս գաղափարն առաջին իսկ օրվանից արժանացել է մշակույթի նախարարության աջակցությանը:
«Մրցույթի նպատակն է աջակցել, բացահայտել նոր երգչախմբեր, տարածել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես նաեւ խթանել գեղագիտական կրթությունն ու դաստիարակությունը»,- ասում է Լիլիա Նիկոյանը:
«Երգող Հայաստանին» այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել Հայաստանի եւ Արցախի հանրակրթական, երաժշտական եւ արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, հայորդաց տների, մշակութային եւ հասարակական կազմակերպությունների մոտ 70 մանկապատանեկան երգչախմբեր: Մրցույթը մեկնարկել է մարտի 25-ին, անցկացվել է երկու փուլով՝ 2 կարգում: