«Երիտասարդության տարիները պետք է լինեն կյանքն իմաստով լցնելու տարիներ». քննարկում՝ երիտասարդության օրվա առիթով

August 12, 2016

Երիտասարդները պետության կայացման ու զարգացման հիմնասյունն են: Կիրթ երիտասարդությունն է կառուցում ուժեղ եւ իրավական պետություն: Երիտասարդության միջազգային օրվա առթիվ «Հոդված 3» ակումբում կազմակերպված հանրային քննարկմանը բանախոսներն անդրադարձել են սիրո, ընտանիքի, ավանդականության, բռնության մշակույթի, կրթական ոլորտի խնդիրներին եւ երիտասարդներին առնչվող այլ թեմաների:

Հոգեբան, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը իր խոսքը սկսեց երիտասարդներին շնորհավորելով.

«Շնորհավորում եմ մեզ բոլորիս երիտասարդության տոնի առթիվ, որովհետեւ սա հոգեվիճակ է, այլ ոչ թե տարիք, եւ կարեւոր հոգեվիճակ է նոր բան անելու, նորություն ստեղծելու համար: Ի վերջո երիտասարդությունը դրանով է բնորոշվում, նաեւ չարաճճիություններով, բայց բնորոշվում է նրանով, թե ինչ ես ստեղծում»:

Հոգեբանը նաեւ հորդորեց երիտասարդներին չվախենալ անհաջողություններից եւ իրենց գործը սիրով անել. սա է հաջողությունների հասնելու գրավականը: Բազում երիտասարդական, հանրային նախաձեռնությունների հեղինակ, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան էլ երիտասարդներին հիշեցրեց, որ ընտանիքը հանրային կյանքի մանրակերտն է, եւ ընտանիքի խորհուրդը առաջին հերթին սիրո մեջ է դիտարկվում, ոչ թե որդեծնության:

«Ընտանիքում չի կարող լինել սեռերի միջեւ մրցակցություն, չի կարող լինել իրավունքների պարտադրում, չի կարող լինել իրավունքների բանեցում: Տան մեջ մեկը մյուսին իրավունք պարտադրելը ոչ թե ի վերջո էդ տանը միություն է բերելու, այլ բերելու է քայքայման ու բաժանման»,- նշեց Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ խոսեց իմաստի որոնման կարեւորության մասին: Նա համոզված է, որ ամբողջ կրթական համակարգը, երիտասարդության տարիները պետք է լինեն կյանքն իմաստով լցնելու տարիներ: Ի վերջո, ամենաահավոր բանը դատարկությունն է ու անիմաստ բաների ետեւից գնալը:

Ըստ փորձագետի, Հայաստանն իմաստ գտնելու առումով հիանալի երկիր է՝ վերջերս է անկախացել, շատ խնդիրներ ունի, լավ առաջնորդների, մտավորականների ու գիտնականների կարիք ունի եւ երիտասարդներին ինքնադրսեւորվելու հիանալի հնարավորություն է տալիս:

«Եթե դուք ծնվեիք ու ապրեիք բարեկեցիկ ու անհոգ երկրում, միգուցե ավելի բարեկեցիկ կյանքով ապրեիք, բայց մեծ իմաստի, մեծ գործերի մասնակիցը դառնալու հնարավորություն դժվար թե լիներ»:

Սերոբ Խաչատրյանը երիտասարդներին կոչ արեց գտնել իրենց մեջ առկա լավ բանը, տալ աշխարհին ու այդպիսով իմաստավորել իրենց կյանքը:

Երիտասարդության տոնական օրն ավարտին է մոտենում, խնդիրներն ու մարտահրավերները՝ մնայուն են օրակարգում։

 


Source: Yerkir Media
Link: «Երիտասարդության տարիները պետք է լինեն կյանքն իմաստով լցնելու տարիներ». քննարկում՝ երիտասարդության օրվա առիթով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image