«Երկիր Մեդիան» կրկին վերադարձել էր Տիգրանակերտ։ 2016 ամանորյա ծրագիրը մեր հեռուստաընկերությունը նկարահանեց հենց այնտեղ, պատմական հրաշք վայրում, Արցախի սահմանին։ Հավաքվել էին մի քանի տասնյակ ազատամարտիկներ, ազատամարտիկ երգիչներ։ Այդ օրը բազում մաղթանքներ եղան, բաժակաճառեր, շնորհավորանքներ։ Սակայն չէինք մտածի, որ մի քանի ամիս անց պատերազմի վտանգը կախվելու է մեր գլխին։ Իրական պատերազմը կրկին թակելու է մեր դուռը ու Տիգրանակերտում, ամանորյա սեղանների շուրջ նստած արդեն տարիքն առած Շուշիի «Դաշնակցության Շուշիի առանձնակի գումարտակի» ազատամարտիկների ճնշող մեծամասնությունն, իրենց հազարավոր զինակիցների հետ նորից շտապելու են մարտական դիրքեր։ Դիրքեր, որտեղ հերոսություն էին անում 18-20 տարեկան մեր երիտասարդները, նրանց հրամանատարները։
Ու անհնար էր, որ այս տարվա Ամանորին մենք կրկին այնտեղ չլինեինք։ Հատուկ շնորհակալություն Պաշտպանության նախարարին ու անձնակազմին, Արցախի պաշտպանական բանակի հրամանատարին ու հրամանատարությանը, ովքեր ընդառաջեցին մեր խնդրանքին, ու թույլ տվեցին, որ շուրջ հարյուր սպա եւ զինվոր, ում կրծքերը զարդարում էին ապրիլյան պատերազմում իրենց քաջագործույթունների համար ստացած պարգեւները, մի քանի ժամով լքերին զորամասերն ու մարտական հենակետերը, որպեսզի միասին Տիգրանակերտում Ամանորյա ծրագիրը պատրաստենք։
Երեւանից Արցախ ուղեւորված «Երկիր Մեդիայի» շուրջ հարյուր հոգանոց ստեղծագործական կազմը երջանիկ մի քանի ժամ անցկացրեց նրանց հետ։ Ապշած էին մերոնք այն համեստությամբ, հանգստությամբ, որ ունեին այդ տղաները։ Մեզ հետ ճամփա ելան նաեւ արդեն զորացրված Շուշի Հակոբյանը՝ Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանակիր, իր խոցած թշնամու երեք տանկերի համար, հակառակորդի ուղղաթիռ խոցած ու Հայաստանի Մարտական խաչ 2-ասստիճանի շքանշանի արժանացած Նարեկ Մալխասյանը, հակառակորդի տանկ խոցած, Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանակիր, տանկիստ Ռաֆիկ Կրպեյանը։
Համեստ ու քչախոս այդ տղաներն ուղղակի մարմնավորումն են հայ զինվորականի։ Երեւանյան փողոցում կամ սրճարանում նրանց տեսնելիս, որեւէ մեկը չէր էլ պատկերացնի, որ նրանք մի քանի օր շարունակ նայել են մահվան աչքերին։ Ինչպես այն բոլոր զինվորականները, որ Տիգրանակերտում «Երկրի Ամանորյա» ծրագրում ուրախացան, քեֆ արեցին, պատմեցին, շնորհավորեցին ու, ամենակարեւորը, հիշեցին ու հիշատակեցին իրենց նահատակ ընկերներին։
Տիգրանակերտում «Երկրի Ամանորը» պարզ, սովորական տոնական ծրագիր չէր։ Այն հայրենիքի ամենաթանկ անկյունում անկեղծացման մի քանի ժամ էր։ Հակառակորդի քթի տակ մի քանի ժամ շարունակ հնչում էր ազատագրության ու պայքարի հայկական ավանդական երգը։ Երբ արդեն ազատագրված Արցախում խաղաղ պայմաններում ծնված փոքրիկ արցախցի Միշան երգում էր՝ «Մեր անունն էր հայկական բանակ» երգը։ Երբ ջավախցի Մասիսը երգով փառաբանում էր իր Ջավախքը։ Երբ զինվորներին ու սպաներին ու ողջ հայությանը շնորհավորանքի ու զորակցության խոսք էր փոխանցում Հալեպում մեր հայկական թաղամասերի անվտանգությունը պահող իրենց տարեկից երիտասարդը։
Եվս մեկ ուշագրավ փաստ.Ամանորյա ծրագրին մասնակցում էին շուրջ երեք տասնյակ երգիչ-երգչուհիներ, ովքեր տոնական թեթեւ հանդերձանքով մի քանի ժամ շարունակ նկարահանվում էին հակառակ կտրող սառնամանիքին։ Նրանք Տիգրանակերտ էին հասել իրենց ուժերով, հանդես էին գալիս՝ անխտիր բոլորը կամավորության սկզբունքով, քանզի նրանք էլ նույն զինվորի, սպայի կամ նկարահանման հրապարակում աշխատող մյուսների պես գիտակցում էին գործի կարեւորությունը։
Հայրենիքի կարեւորագույն անկյունում տոնն ու հերոսականության վերապատումը ձեր ամանորյա տոնական օջախներ «Երկիր Մեդիան» կբերի դեկտեմբերի 31-ի գիշերը։ Զինվորների մայրեր, շատերիդ զավակները տարբեր մարտական հենակետերից շնորհավորելու են ձեր ու հայության, իերնց պաշտպանած հայության Նոր տարին ու Սուրբ ծնունդը։ Մեր գործընկերները սահմանի տարբեր հատվածներում գործում են դրա համար։
Source: Yerkir Media
Link: «Երկիր Մեդիայի» ամանորյա եթերը՝ հայրենիքի ամենաթանկ անկյունից