Էդվարդ Նալբանդյանը Փարիզի քաղաքապետին ԱԳՆ պատվո մեդալ է հանձնել

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 8­-ին ընդունեց Երևան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ ուրախ է Երևանում հյուրընկալել Հայաստանի վաղեմի բարեկամ Անն Իդալգոյին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին։ «Մեծ հաճույք է ողջունել Երևանում Ձեր գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը, որի կազմը խորհրդանշում է այն համերաշխությունը, որն առկա է ֆրասիական քաղաքական ուժերի միջև հայ­ֆրանսիական բարեկամության հանդեպ»,- ­ ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Փարիզի քաղաքապետն ընդգծեց, որ հաճելի է գտնվել Հայաստանում՝ Երևանի օրվան նվիրված տոնակատարությունների առիթով և այդ առիթն օգտագործել նաև երկու քույր քաղաքների միջև կապերի ու համագործակցության առավել զարգացմանն ուղղված հետագա քայլերը քննարկելու նպատակով։

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց հայ­ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ընդլայնմանը, երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցությանը։ «Ձեր անկեղծ նվիրվածությունը հայ­ֆ-րանսիական բարեկամությանը դրսևորվել է մշտապես ձեր գործունեության ողջ ճանապարհին, և հաճելի է, որ այդ ճանապարհի մի մասը մենք անցել ենք միասին։ Առանձնահատուկ երախտագիտությամբ ենք հիշում, որ անցյալ տարի ապրիլի 24-­ի երեկոյան Դուք անձամբ մարեցիք Էյֆելյան աշտարակի լուսավորությունը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցի»,- ­ շեշտեց Էդվարդ Նալբանդյանը։

Ի նշանավորում հայ­ֆրանսիական հարաբերությունների, Երևանի և Փարիզի միջև համագործակցության ամրապնդման գործում նրա ունեցած կարևոր ավանդի՝ Էդվարդ Նալբանդյանը Անն Իդալգոյին հանձնեց ԱԳՆ պատվո մեդալը:


Source: Yerkir Media
Link: Էդվարդ Նալբանդյանը Փարիզի քաղաքապետին ԱԳՆ պատվո մեդալ է հանձնել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image