a1plus.am — Միացյալ Նահանգների Կոնգրեսում կոնգրեսական Դեյվ Թրոթի կողմից բարձրացվել է Թուրքիայի տարածքում հայկական եկեղեցիների խնդիրը.
«Ինձ շարունակում է մտահոգել Թուրքիայում հայկական եկեղեցիների բռնազավթման խնդիրը, այդ թվում՝ Սբ. Կիրակոս եկեղեցու խնդիրը: Սա 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հետեւանքներն են»:
Խոսելով Թուրքիայում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակին նվիրված լսումներին՝ կոնգրեսական Թրոթը նշել է, որ երբ Միացյալ Նահանգները Թուրքիային քննադատում է ժողովրդավարության դեմ ուղղված գործողությունների համար, Անկարայում հիշատակում են, որ ԱՄՆ-ի դաշնակիցն են եւ ՆԱՏՕ-ի անդամ: Դա սակայն Թուրքիային չի ազատում պատասխանատվությունից, պնդել է կոնգրեսականը:
Լսումներին վկայություն տված փորձագետների խոսքով՝ Թուրքիայում ժողովրդավարության նվազումը պայմանավորված է մի քանի պատճառներով: Ամերիկյան Առաջընթացի կենտրոնի վերլուծաբան Ալան Մաքովսկու խոսքով՝ պատճառներից մեկը իշխանությունը սեփական ձեռքում կենտրոնացնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի որոշումն է.
«Թուրքիայի ժողովրդավարությունը, որը երբեք անթերի չէր, արագորեն վատթարանում է: Գրեթե բոլոր ոլորտներում, լինեն դա լրատվամիջոցներ, դատական, քաղաքական, կառավարման համակարգ, քրդերի իրավունքները, մասնավոր ընկերությունները թե համալսարանները՝ ազատությունը նվազում է եւ իշխանությունը կենտրոնանում է նախագահ Էրդողանի ձեռքում»:
Ուիլսոնի կենտրոնի Մերձավոր Արեւելքի ծրագրի ղեկավար Հենրի Բարքիի խոսքով, Էրդողանը փորձում է կրկնել Պուտինի օրինակը՝ կառուցելով ավտորիտար համակարգ եւ բանտարկելով քաղաքացիներին իրեն քննադատելու համար.
«1845 մարդ դատապարտվել է միայն նախագահին վիրավորանք հասցնելու մեղադրանքով»:
Ազդեցիկ կոնգրեսական Դեյնա Ռորաբահերն ամփոփելով լսումները նշել է, որ պարզ է դառնում՝ Թուրքիան սխալ ուղղությամբ է ընթանում.
«Միացյալ Նահանգների ժողովուրդը շնորհակալ է Թուրքիայի բարեկամության համար, որը մեծ դեր է խաղացել անցյալ տասնամյակների ընթացքում: Սակայն, եւ դա ակնհայտ է, այժմ Թուրքիան մտել է բռնապետության եւ արմատականացման մի շրջանակ: Միայն միտքը, թե ուր կտանի այդ շրջանակը, ինքնին սարսափեցում է»:
Source: Yerkir Media
Link: Թուրքիայում հայկական եկեղեցիների խնդիրը բարձրացվել է ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ)