Իշխան Սաղաթելյան. «ԱԺ-ն պրակտիկա անցնելու տեղ չէ»

March 18, 2017

yerkir.am— Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում ընտրողներին իրենց նախընտրական ծրագիրն է ներկայացրել ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը և Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Հանդիպմանը ներկա էր նաև Գեղարքունքի մարզից՝ ՀՅԴ-ի կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածու Իշխան Սաղաթելյանը, ով Դդմաշենցիներին դիմելով, նշեց, որ այս ընտրություններով է որոշվելու երկրի ապագան:

«Մեր երկրում տարիներ շարունակ կուտակված խնդիրների չլուծման պատճառը սահամանդրական կարգն էր, որ գոյություն ուներ: Չկար իշխանության ճյուղերի փոխզսպման մեխանիզմներ, հիմա երկիրը կառավարվելու է խորհրդարանի կողմից, ուստի պետք է ունենալ որակյալ Ազգային ժողով»,- ասաց թեկնածուն:

Սաղաթելյանի խոսքով, պետք է նայել կուսակցություններից՝ ով ով է եղել:

«Շատ կուսակցություններ իրենց անունները ընտրությունների նախաշեմին փոխում են, ինքներդ մտածեք՝ ինչո՞ւ են այդպես անում»,- ասաց նա, ապա դիմեց ներկաներին.

«Եղե՞լ է մի դեպք, Դաշնակցությունը մի օր մի բան ասի, մյուս օրը՝ մեկ այլ բան. երբ մենք պնդում ենք խորհրդարանական համակարգն է երկիրը այս վիճակից հանելու ճիշտ ճանապարհը, շատերը հեգնում էին, բայց հիմա եկել են այդ նույն եզրահանգման»:

Ըստ նրա՝ առաջին քայլն արված է, մնում է երկրորդը՝ կատարել ճիշտ ընտրություն:

«ՀՅԴ-ն գիտի՝ ուր է ուզում տանել այս երկիրը, դրա համար ունի կայուն թիմ, հավասարակշռված շարքեր»,- ասաց նա նկատելով՝ բոլորը խոսում են Արցախի հիմնախնդրից, բայց միայն Դաշնակցությունն ունի Արցախում կուսակցություն և աշխարհի բոլոր երկրներում ներկայություն:

Թեկնածուն խոստացավ ընտրվելու դեպքում վերհանելու է բոլոր խնդիրները, հասցնելու է դրանց լուծումը մինչև վերջ:

«ԱԺ-ն պրակտիկա անցնելու տեղ չէ: Դուք պետք է որոշեք, արդյո՞ք ուզում եք խորհրդարանում տեսնել այնպիսի քաղաքական ուժեր, որոնք անուններ են փոխում, այնպիսի պատգամավորներ, ովքեր 5 տարին մեկ են ձեր աչքին երևում»,- ասաց Սաղաթելյանը, ապա հավելեց, որ եթե գնան ընտրությունների իրենց քվեն կարևորելով, ապա հաղթելու են հենց իրենք ու կառուցվելու է արդար ու հզոր Հայաստան:

Source: Yerkir Media
Link: Իշխան Սաղաթելյան. «ԱԺ-ն պրակտիկա անցնելու տեղ չէ»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image