Որո՞նք են տարածքային զարգացման ռազմավարությունների մշակման տեխնիկական պահանջները: Ի՞նչ վերլուծական մեթոդներ պետք է կիրառել դրանք մշակելիս: Ինպե՞ս իրականացնել իրավիճակային եւ SWOT վերլուծություններ: Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխաններ եռօրյա դասընթաց քննարկումների ժամանակ ստացան մարզերում տարածքային զարգացման ռազմավարություններ մշակող աշխատանքային խմբերը: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության նախաձեռնությամբ այս դասընթացներն անցկացվեցին Հայաստանի մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների մշակման ծրագրի շրջանակում:
«Եթե դուք տարածքային զարգացման ռազմավարությունների հետ ծանոթացել եք, մյուս տարվանից ոչ մի մարզում որեւէ բյուջետային ֆինանսավորում չի լինի, եթե դա չի մտել տվյալ մարզի ընդհանուր զարգացման ռազմավարության մեջ: Այսինքն, չի լինելու, որ մեկը ասի, պարո՛ն Լոքյան, մեր գյուղում ջուր քաշի, կամ մեր ասվալտը սարքի: Ես էլ ասեմ՝ լավ, մեր լոռեցիներն են, կամ մեր արմավիրցիներն են, այս գյուղում անեմ այս-ինչ բանը: Չի՛ լինի»,- ասում է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Մարզերում գործող ձեռնարկությունների թվաքանակ, Համախառն ներքին արդյունք, բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց թվաքանակ: Եվրոպական Միության փորձագետ Ռոբերտ Գիրեյկոյի համոզմամբ սրանք են այն հիմնական ցուցիչները, որոնցով պետք չափվի ռազմավարությունների արդյունավետությունը:
«Մարզի սոցիալ-տնտեսական առաջընթացը չի կարող պատվիրվել կառավարության կողմից, այն պետք է պլանավորվի մարզի բոլոր շահառուների կողմից: Այդ նպատակով մենք պատրաստվում ենք բոլոր շահառուներին ներգրավել այս գործընթացում եւ անցկացնել բաց քննարկումներ: Մեր հիմնական նպատակն այն է, որ Երեւանից բացի՝ մյուս քաղաքներն էլ տնտեսապես ակտիվ լինեն եւ կարողանան բացահայտել զարգացման իրենց ներուժը»,- նշեում է ԵՄ փորձագետ, տարածքային զարգացման խորհրդատո Ռոբերտ Գիրեյկուն:
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը ծանոթացավ մարզային խմբերի ներկայացուցիչների հետ, հետաքրքրվեց յուրաքանչյուր մարզի զարգացման ծրագրով եւ հետեւեց դասընթացի ժամանակ մարզային խմբերի կողմից մշակված ռազմավարական ծրագրերի ներկայացմանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Source: Yerkir Media
Link: Լոքյան՝ «Ոչ մի մարզում ֆինանսավորում չի լինի, եթե դա չի մտել մարզի ընդհանուր զարգացման ռազմավարության մեջ»