Խոշորացված համայնքներում բազմաթիվ ծրագրեր կան, որոնք մեծ թափ են հավաքում. մանրամասնում ՝ Դավիթ Լոքյանը

January 24, 2017

Հայաստանի խոշորացվող համայնքներում տարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ ծրագրեր կան, որոնք մեծ թափ են հավաքում և առաջիկայում կֆինանսավորվեն ու կունենան իրենց հաջողությունները։ «Արմենպրես»­ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

«Խոշորացվող համայնքներում մենք ունենք երկու խմբի ծրագրեր։ Առաջինը՝ ենթակառուցվածքային ծրագրերն են, որոնք պետք է ապահովեն խոշորացվող համայնքի մեջ մտնող բնակավայրերի ամբողջությունը։ Այսինքն՝ պետք է այնպես արվի, որպեսզի նրանք ունենան կապ համայնքի կենտրոնի հետ, կարողանան հաղորդակցվել առանց դժվարության, վճարումներ անել, օգտվել կապի բոլոր ձևերից։ Հայաստանի թվով 21 համայնքապետարաններում գործում են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ (ՔՍԳ), որոնցից 8­ը խոշորացված համայնքների կենտրոններում: Օրինակ` Դիլիջանի համայնքապետարանում գործում է սպասարկման գրասենյակը, աշխատակիցները գյուղական բնակավայրերի հետ էլեկտրոնային մշտական կապի շնորհիվ կարող են տրամադրել անհրաժեշտ ցանկացած տեղեկանք կամ որևէ ֆինանսական գործառույթ իրականացնել»,­ ասաց Դավիթ Լոքյանը:

Այսօր ընթացքի մեջ են խոշորացված ևս 10 համայնքներում (Ամասիա, Արփի, Աշոցք, Սարապատ, Այրում, Նոյեմբերյան, Կողբ, Տեղ, Գորայք) հիմնման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ) հետ համատեղ, որը նաև տեղերում մասնագիտական ուսուցում է կազմակերպում: Դավիթ Լոքյանի տեղեկացմամբ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դրամաշնորհի միջոցով Դիլիջան համայնքը իր շրջակա գյուղական բնակավայրերով՝ Գոշ, Հաղարծին, Թեղուտ և այլն, արդեն ստացել է էքսկավատորներ, բեռնատար, աղբահավաք, ձյուն մաքրող, փողոցները լվացող մեքենաներ։ Ուշադրության կենտրոնում են տրանսպորտային հարցերը, Եվրամիության աջակցությամբ մարտին արդեն համայնքը կունենա 6 ավտոբուս, որոնք ամենօրյա շրջայցեր են կատարելու գյուղական բնակավայրերում` ապահովելով կայուն կապ համայնքի կենտրոնի՝ Դիլիջանի հետ։ Դավիթ Լոքյանը առանձնացրեց նաև Դիլիջանի լուսավորության ծրագիրը։

«Շուրջ 380 մլն դրամի ծրագիր է, որն ամբողջապես գյուղական համայնքներում և Դիլիջանում պետք է ժամանակակից լուսավորման համակարգ ապահովի: Ծրագրի շրջանակներում 2000­ից ավելի լամպերի, սյուների, լանդշաֆտների լուսավորման շնորհիվ քաղաքը զբոսաշրջության զարգացման համար կդառնա ավելի գրավիչ ու հետաքրքիր»,­ ասաց նախարարը։

Մեկ այլ ծրագրով Դիլիջան և Հաղարծին մայրուղու վրա շուկաներ կկառուցվեն` քաղաքակիրթ առևտուր կազմակերպելու համար, իսկ սառնարանային փոքր տնտեսությունների հիմնումն էլ կապահովագրի մթերքը փչացումից։ Այս համայնքում նաև նոր տեխնոլոգիաներով աղբահանության ծրագիր կա: Բեռնափոխադրման նոր կայանի ստեղծմամբ աղբահանության խնդիրը Դիլիջանի համար կվերանա։ Սեղմված աղբը փոխադրվելու է Դիլիջանից որոշակի հեռավորության վրա` Վանաձորում կամ Կոտայքում կառուցվող, կամ մեկ այլ աղբավայր։ Համայնքի զարգացման ծրագրերը կապված չեն միայն տրանսպորտի, լուսավորության, աղբահանության հետ, ուշադրության կենտրոնում են նաեւ կրթական ծրագրերը: Լոքյանի տեղեկացմամբ, Դիլիջանի դպրոցները հագեցվել են տեխնոլոգիական լաբորատորիաներով. աշակերտների համար սա հիանալի հնարավորություն է ծանոթանալ ռոբոտաշինությանը, գործիքաշինությանը: Ինչ վերաբերում է խոշորացվող համայնքներում տնտեսական ծրագրերին, նախարարի խոսքով, պետք է հանգեցնեն տվյալ համայնքում ավելացված արժեքի, համայնքային եկամուտների ավելացման, որն էլ իր հերթին պիտի ապահովի ծառայությունների ավելացում։

«Այս ուղղությամբ սկսված են արդեն առաջին քայլերը և ինչպես մնացած համայնքներից, այնպես էլ խոշորացվող համայնքներից կառավարությունը ստացել է բազմաթիվ ծրագրեր։ Ամասիայի տարածաշրջանի Բերդաշեն խոշորացվող համայնքից ներկայացվել է կաթի գործարանի և սպանդանոցի կառուցման ծրագրեր և այս ոլորտը զարգանալու լուրջ ռեսուրս ունի: Կառավարությունում՝ վարչապետի գլխավորությամբ, երբ դիտարկվում էին Շիրակի մարզի ծրագրերը, սա հավանության է արժանացել, և այսօր տնտեսական զարգացման և ներդրումների, գյուղատնտեսության նախարարությունները առաջիկայում պետք է գտնեն օժանդակության ձևերը»,­ ասաց նախարար Լոքյանը։

Նմանատիպ առաջարկ կա նաև Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացվող համայնքում` Խոսրովի արգելավայրի տարածքում առաջարկում են խոտաբույսերի, թեյերի արտադրության, իսկ Վայոց ձորի խոշորացված համայնքներից՝ Զառիթափից և Վայքից, ստացվել են այծաբուծության զարգացման ծրագրեր: Գործադիրում քննարկվում են նաև այն առաջարկները, որոնք բիզնես տեսանկյունից թույլ են. այս դեպքում խորհրդատվություն է տրամադրվում: Կառավարության և ՀՀ Կենտրոնական բանկի կազմից ձևավորված թիմը այցելելու է մարզեր` գործարարների համար դասընթացներ անցկացնելու նպատակով:

«Իհարկե, դեռևս շատ գործարարներ, ովքեր հեռավոր բնակավայրերում ուզում են սկսել իրենց բիզնեսը, փոքր­ինչ թերահավատ են պետություն­համայնք­ մասնավոր համագործակցությանը: Բայց սա մի գործընթաց է, որն իր ընթացքի մեջ կհաստատվի և ավելի մեծ վստահություն կստեղծի հանրության մոտ»,­ եզրափակեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։ Հայաստանում տարածքների մրցունակության բարձրացման և մարզերի միջև առկա անհամաչափությունների մեղմման ուղղությամբ ստեղծվել ու են մինչև 50.000 ոչ ֆորմալ գյուղատնտեսական աշխատատեղ։ Սա ամրագրված է Հայաստանի` 2016­2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարությամբ:

Լիլիթ Դեմուրյան


Source: Yerkir Media
Link: Խոշորացված համայնքներում բազմաթիվ ծրագրեր կան, որոնք մեծ թափ են հավաքում. մանրամասնում ՝ Դավիթ Լոքյանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image