ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը լրագրողների հետ ասուլիսում կոչ արեց բոլորին մաքսիմալ սթափ մտածել, հասկանալ՝ ինչ ենք մենք ուզում։ «Ես շատ եմ գնահատում քաղաքացիների կարծիքը, մենք դրա համար մի քանի պահանջ արդեն կատարել ենք։ Ես ռեգուլյար ձեռքս պուլսի վրա եմ պահում եւ տեսնում եմ՝ ինչքանով է ընկնում զբոսաշրջիկությունը, քաղաքացիները մեծ մասը իր վրա դեռ չի զգում»։
Նա նաեւ հայտարարեց, որ․ «Ոչ մի երկիր չգիտեմ, որտեղ ժողովրդի թեկնածուն այդպես է ընտրվում, դրա համար գոյություն ունեն ընտրություններ»։
Կարապետյանը հիշեցրեց ապրիլի 24-ին տարածած հայտարարությունը՝ որով դիմել էր ՀՀ նախագահին՝ առաջարկելով իր նախընտրած ձևաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի միջև: «Ընդ որում նշել ենք, որ որևէ փակ օրակարգ չկա: Ընդհուպ մինչև արտահերթ ընտրություններ, եթե քաղաքական ուժերը համաձայնեն»,- հիշեցրել է նա:
Կարապետյանը, դիմելով լրագրողներին, որպես հասարակության, քաղաքացիների վրա չափազանց մեծ ազդեցություն ունեցող, ամենաակտիվ քաղաքացիական շերտ՝ հանդես գալ հանդուրժողականության կոչերով: «Մենք այսօր որևէ սահմանափակում քաղաքական օրակարգում չենք դրել և չենք դնում: Հետևաբար` կարծում եմ, որ ամենատրամաբանական լուծումն այն է, քաղաքական կուսակցությունները մեր սահմանադրության, օրենքի սահմաններում նստեն և քննարկեն իրադրությունը: Եթե իրենք որոշեն, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա, որոշեն այն ժամկետները, որոնք իրենք ուզում են, որպեսզի պատրաստվենք, բոլորը լինեն հավասար խաղի պայմաններում, ըստ դրա արդեն կշարժվենք առաջ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: Նա շեշտեց, որ այսպես շարունակելով լինելու են շատ տնտեսական խնդիրներ, խնդիրներ ներդրողների հետ կապված, զբոսաշրջիկները չեն գալու:
«Ապակայուն վիճակը չի կարող օգուտ տալ մեր երկրին, այդ իսկ պատճառով ես խնդրում եմ մեր բոլոր քաղաքացիներին՝ տատիկներին, պապիկներին , ծնողներին, երեխաներին, ուսանողներին՝ առավելագույնս սթափ մտածել, թե ինչ ենք մենք ուզում: Շատ եմ գնահատում և հարգում մեր քաղաքացիների կարծիքը և դժգոհությունը: Ըստ դրա արդեն մենք համապատասխան արձագանք տվել ենք, բավարարվել են կետեր, մենք հայտարարում ենք քաղաքացիական օրակարգ, հայտարարում ենք, որ քաղաքական ուժերը նստելու և խոսելու են: Թող քաղաքական ուժերը նստեն պայմանավորվեն, մեկս մյուսի վրա չճնշենք»,- ընդգծեց Կարապետյանը:
Source: Yerkir Media
Link: Կարեն Կարապետյանը կոչ է անում բոլորին «մաքսիմալ սթափ մտածել»