Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Արցախի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ այն համարելով Արցախի Հանրապետության զարգացման ու զորացման կարևորագույն հիմքերից մեկը:
ԱՀ նախագահը նշել է, որ այս տարի տնտեսության մեջ բավական բարձր ցուցանիշներ են արձանագրվել՝ ընդգծելով նաև Հայաստանի կառավարության մասնակցությունն այդ ձեռքբերումներում: Նա տեղեկացրել է նաև մի շարք հավակնոտ ծրագրերի մասին, որոնք նախատեսվում է իրականացնել 2018 թ.-ին:
Կարեն Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել այսօր Մեղրիում բացված Ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ: Նշելով, որ այսօր արդեն մի քանի պայմանագրեր են ստորագրվել ԱՏԳ-ի գործունեության վերաբերյալ։ Հայաստանի գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ դա չափազանց կարևոր քայլ է, որը մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենա:
ՀՀ վարչապետը և Արցախի նախագահը քննարկել են էներգետիկայի, առողջապահության, տարածքային կառավարման, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով այդ համատեքստում փորձի փոխանակումը և ավելի սերտ փոխգործակցությունը համապատասխան գերատեսչությունների միջև:
Զրուցակիցները քննարկել են անվտանգության, մասնավորապես, ԼՂ հիմնախնդրի հետ կապված հարցեր:
Source: Yerkir Media
Link: Կարեն Կարապետյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ