Վիեննայից Սանկտ Պետերբուրգ, հետո Փարիզ. պատերազմից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման այս քարտեզն է գծվում: Հանդիպումներին հաջորդում են հայտարարությունները, բայց դրանցում շատ բան չի ասվում: Իսկ չասվածը հետաքրքիր, նաեւ մտահոգող դարձավ, երբ կարգավորմամբ զբաղվողներից նախ Ռուսաստանը՝ ԱԳՆ մամլո խոսնակի միջոցով, իսկ հետո ԵՄ-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարը հայտարարեցին, թե Ղարաբաղի հարցը լռություն ու գաղտնիություն է պահանջում, եւ հիմա հրապարակային դիվանագիտության ժամանակը չէ:
Ինչի՞ շուրջ են լռում կողմերն ու միջնորդները եւ ինչո՞ւ: Հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ փորձագետներից:
«Գաղտնիությունը բնորոշ է այս տիպի բոլոր բանակցությունների». — ասում է Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետը չի կարծում, թե գաղտնիության շղարշի տակ փաստաթուղթ են մշակում, որ ստորագրեն: Իսկ այն, ինչ կատարվում է՝ դժվար չէ հասկանալ.
«Կողմերը փորձում են նվազեցնել վտանգը, եւ դա ակնհայտորեն չի ստացվում: Ինչ էլ ասեն, որքան էլ ավելացնեն մշտադիտարկում իրականացնողների թիվը՝ դարձնեն 4, 10 կամ 15, ոչ մի նշանակություն չունի: Եթե 50 դիտարկող էլ լինի, խնդիրը, միեւնույն է, չի լուծվելու»,- մեկնաբանեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ստեփան Գրիգորյանը համոզված է, որ գոնե պետերբուրգյան հանդիպման ընթացքում քննարկման այլ, վերահսկողության մեխանիզմներից տարբեր թեմա է եղել: Ու դա, ըստ քաղաքագետի, այնքան էլ չի բխում մեր շահերից.
«Եթե մեզ ինչ-որ լավ բան սպասվեր, հավատացնում եմ, բոլորը դրա մասին կխոսեին, կարիք չէր լինի գաղտնի պահելու»,- ասում է Ստեփան Գրիգորյանը :
Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ այս փուլում փորձ է արվում վերակենդանացնել Մինսկի խմբի դերակատարումը բանակցային գործընթացում, Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ նախաձեռնողականությունը իր ձեռքն է վերցրել Ռուսաստանը, ու նրա եւ Ադրբեջանի շահերը կարող են համընկնել: Որպես օրինակ՝ նշում է Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու հնարավորությունը:
Մանրամասները՝ տեսանյութում
Source: Yerkir Media
Link: «Կողմերը փորձում են նվազեցնել վտանգը, եւ դա ակնհայտորեն չի ստացվում». քաղաքագետը՝ Ղարաբաղյան խնդրի մասին