Կոնտակտային տվյալների հրապարակումից հետո վարչապետի խորհրդականները ստացել են մոտ 1300 հեռախոսազանգ

tert.am— Վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականներն իրենց կոնտակտային տվյալների հրապարակմանը հաջորդած 5 օրերի` հոկտեմբերի 27-ից-31-ն ընկած ժամանակահատվածում ստացել են ընդհանուր առմամբ մոտ 1300 հեռախոսազանգ և 175 էլեկտրոնային նամակ:

Վիճակագրությունը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը:

Կառավարության աշխատակազմի պատասխանատուները օրերս հրապարակեցին կոնտակտային տվյալներ, որոնց միջոցով հանրությունը և գործարար համայնքը կարող են կապ հաստատել, ներկայացնել վարչապետին ուղղված իրենց հարցերն ու առաջարկությունները, ահազանգեր ապրանքների ներկրման ժամանակ արհեստական խոչընդոտների մասին:

ՀՀ վարչապետի խորհրդական Գևորգ Մուրադյանը, որը կրթության և գիտության, առողջապահության ու քաղաքաշինության ոլորտների պատասխանատուն է, նշված ժամանակահատվածում ստացել 280 հեռախոսազանգ և 95 էլեկտրոնային նամակ:

Գործարար միջավայրի, հարկային ու մաքսային ոլորտների, ինչպես նաև ներդրումների և ֆինանսական համակարգի պատասխանատու ՀՀ վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանի հեռախոսին զանգահարել են 250 անգամ, իսկ էլեկտրոնային փոստին ուղարկվել է 80 նամակ:

ՀՀ վարչապետի մյուս խորհրդական Արամ Վարդևանն էլ, որը մարդու իրավունքների, դատական համակարգի, դատական ակտերի հարկադիր կատարման համակարգի, քրեակատարողական հիմնարկների, սպորտի և երիտասարդության ոլորտների պատասխանատուն է, ստացել է 320-ից ավելի հեռախոսազանգ:

Սփյուռքի, Արցախի, տարածքային կառավարման, ներդրումների, սոցիալական հարցերի ու մշակույթի պատասխանատու ՀՀ վարչապետի խորհրդական Աշոտ Մարգարյանն էլ ստացել է 450 հեռախոսազանգ:

Շուշան Սարդարյանը հավելեց, որ ստացված մեծաքանակ զանգերի ու նամակների մոտ 10 տոկոսն է, որ գտնվում կառավարության տիրույթում: Այսինքն` զանգերի ու նամակների գերակշիռ մասը ուղղակի կենցաղային հարցերի ու խնդրանքների է վերաբերել:

Իսկ թե կառավարության տիրույթում գտնվող ստացված հարցադրումներն ու առաջարկություններն ինչ խնդիրների են վերաբերում, կամփոփվի ու հանգամանալից կներկայացվի առաջիկայում:


Source: Yerkir Media
Link: Կոնտակտային տվյալների հրապարակումից հետո վարչապետի խորհրդականները ստացել են մոտ 1300 հեռախոսազանգ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image