Հայ աշակերտի ստեղծած գեներատորով հնարավոր է շարքից հանել հակառակորդի անօդաչու թռչող սարքերը

Սպարտակ Աղաբաբյանը «Քվանտ» վարժարանի աշակերտ է, սովորում է տասներորդ դասարանում: Ներկայացնում է Տեսլայի բարձրավոլտ գեներատորը. իր հետազոտական աշխատանքի ընթացքում է պատրաստել: Այն որոշակի հեռավորությունից ազդում է սարքավորումների վրա, օրինակ՝ միացնում է լամպերը: Կարելի է նաեւ ռազմական ոլորտում օգտագործել թշնամական անօդաչու թռչող սարքեը շարքից հանելու համար: Ապրիլյան պատերազմին Սպարտակը հստակ որոշել է՝ ավելի է կատարելագործելու գեներատորը, որ մեծ հեռավորության վրա էլ աշխատի:
 «Կառավարել անօդաչուն դժվար կլինի, բայց աղմուկներ է առաջացնում եւ կարող է գցել, անպիտան դարձնել»,- մանրամասնեց Սպարտակը:
Վարժարան այցի ընթացքում Սերժ Սարգսյանը եւս հետաքրքրվեց Սպարտակի աշխատանքով:
Նախագահը ծանոթացավ նաեւ վարժարանի մյուս բաժիններին եւ դասընթացի վարման կարգին:
«Քվանտը» Հայաստանի առաջին փորձարարական ոչ պետական դպրոցն է. սկսել է գործել 1991թ. սեպտեմբերից: Շրջայցից հետո թեյի սեղանի շուրջ նախագահը Կրթության եւ գիտության նախարարի, Երեւանի քաղաքապետի եւ վարժարանի տնօրենի հետ քննարկեց «Քվանտում» եւ առհասարկ հանրակրթության ոլորտում առկա խնդրիրները:
 
Վարժարան այցի առիթը, Լեւոն Մկրտչյանի խոսքով, հանրապետության ղեկավարի մշտական հետաքրքրությունն է հանրակրթության նկատմամբ: Որոշվել էր այցելել այս ոլորտում ոչ պետական լավագույն հաստատություններից մեկը:
 
«Համարյա բոլոր ուղղությունենրով ունի հաջող ծրագրեր՝ եւ երխաներին դեպի գիտությունն ու հետազոտությունը ուղորդելու, եւ միջազգային բակալավրիատի, եւ ավագ ու կրտսեր դպրոցի: Այս իմաստով մոդելային է»,- նշեց Լեւոն Մկրտչյանը:
 
Առաջին ուսումանական տարում 49 աշակերտ ունեցող վարժարանում այսօր սովորողների թիվն անցնում է 700-ից: 47 դասարաններից 45-ում կրթությունն իրականացվում է վարժարանի հեղինակային ծրագրով, որը հաստատվել է կրթության եւ գիտության նախարարության կողմից, իսկ երկուսում՝ Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրով:
«Քվանտը» հայկական առաջին դպրոցն է, որը 2011թ-ին ստացել է այս ծրագրի իրականացման թույլտվություն: Քիմիայի ամբիոնի վարիչ Վիտուշ Սարգսյանը հպարտությամբ խոսում է իրենց աշակերտների մասին, որոնք այսօր համաշխարհային հեղինակավոր բուհերում են սովորում: Ցույց է տալիս այս տարվա շրջանավարտներից Լյուսի Մանուկյանի աշխատանքը, որը Մեծ Բրիտանիայում բարձրագույն՝ A գնահատականին է արժանացել. նման արդյունք վարժարանը դեռ չէր ունեցել:
 
«Ինքն ուսումնասիրել է արյան համակարգում գործող ֆոսֆորային եւ բիկարբոնատային բուֆերայի համակարգերը: Դրանք թույլ են տալիս արյան թթվայնությունը հաստատուն պահպանել, որովհետեւ տատանումները կարող են բերել շատ վտանգավոր հետեւանքներ»,- ներկայացրեց Քիմիայի ամբիոնի վարիչը:
 
Ուսուցիչը հպարտանում է նաեւ միջազգային օլիմպիադաներից իրենց աշակերտների բերած մեդալներով: Ցուցատախտակին հաղթանակած աշակերտների լուսանկարներն են Միացյալ Նահանգներից, Ճապոնիայից, Ռուսատանից:
 
«Այդ օլիմպադիաները 2 մասից են բաղկացած՝ գործնական, երբ փորձեր են կատարում եւ տեսական: Փոքր ինչ փորձնական մասում ենք զիջում, որովհետեւ ամեն դեպքում ժամանկակաից սարքավորումներ չունենք, որով երեխաները, նախօրոք փորձեր կատարեն, կատարելագործվեն»:
 
Սարքավորումներ ձեռք բերելը բավականին մեծ գումարների հետ է կապված, բայց քիմիական գիտությունների թեկնածուն հավատում է՝ մի օր դա էլ լինելու: Վարժարանի տնօրենն իրենց հաստատության հաջողության բանալին աշակերտներին է համարում. նրանք շատ ավելի նպատակասլաց են, քան մյուս դպրոցներում: Բացի այդ, ունեն տնտեսական լծակներ, որոնց միջոցով արդեն ուսուցիչներին են շահագրգռում ավելի լավ աշխատել: Տնօրենն ասում է՝ լուրջ խնդիրներ չունեն, եղածները լավ, թե վատ լուծում են, միայն վերջերս մտավախություն է առաջացել, որ իրենց ազատության աստիճանը չսահմանափակվի՝ կապված հանրակրթական չափորոշիչի հնարավոր փոփոխության հետ:
 
«Մեզ տվեք ազատություն… խոսքն այլ դպրոցներին մասին էլ է, որ եթե ազատության մեծ աստիճան ունենան, ապա շատ ավելի լավ կաշխատեն: Լավ դպրոցները եթե ուշադիր նայեք, պարզապես ունեն ազատության ավելի մեծ աստիճան»,- կարծիք հայտնեց «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը:
 
Վարժարանում վստահեցնում են՝ այստեղ սովորել ցանկացողների թիվը մեծ է, բայց իրենց աշակերտներին ամենայն բծախնդրությամբ են ընտրում: Առաջին դասարանցիներ Միլան ու Արմանն իրար կողք են նստում: Միլան փորձում է մտաբերել այսօր սովորած ասացվածքը:
 
3 ամսվա ընթացքում սովորած տառերը Միլան ամբողջությամբ չի հիշում, նրան օգնության է հասնում դասընկերը:
 
Ու տառն այսօր են սովորել, Արմանն արդեն հասցրել է հեքիաթ հորինել թերթիկի վրա պատկերված նկարներով, որոնք գունավորել է իր նախընտրած գույներով:
Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image