Հովիկ Հովեյան. «Ներկայանալու առումով՝ գորգարվեստում մենք տանուլ ենք տվել»

Սյուզաննա Ավետիսյանը մեկ ամիս աշխատել է փոքրիկ Խաչգորգի վրա: Այսօր այն տեղափոխվել է Ժողովրդական ստեղծագործության կենտրոն: Սյուզաննան նորից դազգահի առջեւ է. վերջին շերտն է գործելու՝ արդեն գորգագործության հանրապետական գիտաժողովի մասնակիցների ներկայությամբ:

Գորգագործությունը միայն արվեստ չէ: Այն պետք է օգտագործել նաեւ եկամուտ ու տնտեսական շահ ստանալու համար:

«Բացի տեսական մասից՝ պետք է հասկանանք, որ մեր կատարած աշխատանքը գնահատվում է, եթե այն մտնի մարդկանց կենցաղ: Անհրաժեշտ է կիրառել բնական միջոցներով գործված գորգեր»,- նշեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Հնչող ելույթներում մտահոգությունը նույնն է՝ ադրբեջանական քարոզչությունը հսկայական միջոցներ է ներդնում այս արվեստն իրեն վերագրելու համար: Արվեստի ինտիտուտի տնօրեն Արարատ Ղազարյանը հիշեցնում է՝ Ադրբեջանում այս ոլորտն ամենաֆինանսավորվողներից է ու գործում է Առաջին տիկնոջ ղեկավարությամբ: Կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանի գնահատականն ավելի կտրուկ է. ներկայանալու առումով՝ գորգարվեստում մենք տանուլ ենք տվել:

«Համաձայն չեմ այդ գնահատականի հետ: Այո, հապաղել ենք, բայց ցանկացած պահի կարելի է վերականգնել այն, ինչ ունեցել ենք: Եվ հուսով եմ՝ շուտով դա կլինի»,- հակադարձեց Արմեն Ամիրյանը:

10 զեկույց է հնչելու նախատեսված երկու նիստերի ընթացքում: Բայց նախեւառաջ դազգահից անջատում են ձեռագործ գորգը: Մի պահ ցուցադրում են ներկաներին, ապա շուռ տալիս. նախարարն ու զեկուցողները հերթով պետք է ստորագրություն թողնեն: «Ու՞մ են նվերելու գորգը» հարցին կազմակերպիչները խորհրդանշական պատասխան են տալիս՝ հայ ժողովրդին:

 


Source: Yerkir Media
Link: Հովիկ Հովեյան. «Ներկայանալու առումով՝ գորգարվեստում մենք տանուլ ենք տվել»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image