Հռիփսիմե Խուրշուդյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց +75 կգ քաշային կարգի «A» ենթախմբում Հայաստանը ներկայացված էր երկու ծանրորդներով, որոնցից Հռիփսիմե Խուրշուդյանին հաջողվեց նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ ցուցաբերելով երկամարտի ընդհանուր 250 կգ (113+137) արդյունք:

«Արմենպրես»-ը հայտնում է, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչը 17-ամյա Արփինե Դալալյանն էր, ով իր մեջ ուժեր գտավ գլխավերևում պահելու երկամարտի ընդհանուր 213 կգ (93+120) արդյունք:

Կանանց +75 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչման համար պայքարում Խուրշուդյանը պոկում վարժությունում նախ 107 կգ ծանրաձող է բարձրացել, ապա պատվիրել է 111 կգ: Երկրորդ մոտեցումը ևս հաջողությամբ է պսակվել: Խուրշուդյանը 3-րդ մոտեցման համար պատվիրել է 113 կգ և կարողացել է գլխավերևում պահել նաև այդ քաշը՝ զբաղեցնելով 1-ին տեղը պոկում վարժությունում:

Դալալյանի արդյունքն ավելի համեստ է եղել՝ 93 կգ, որը մարզուհին բարձրացրել է 2-րդ մոտեցման ժամանակ, իսկ 1-ին մոտեցման ժամանակ կարողացել էր գլխավերևում պահել 88 կգ ծանրաձողը: 17-ամյա մարզուհին չէր բարձրացրել 3-րդ մոտեցման համար պատվիրված 96 կգ քաշը՝ բավարարվելով 6-րդ տեղով պոկում վարժությունում:

Հրում վարժությունում Խուրշուդյանի առաջին պատվերը եղել է 133 կգ ծանրաձողը, որը ենթարկվել է մարզուհուն: Մարզուհին հաջողությամբ է ավարտել նաև 2-րդ մոտեցումը՝ կարողանալով բարձրացնել 137 կգ: Իր 3-րդ մոտեցման ժամանակ Խուրշուդյանն արդեն Եվրոպայի չեմպիոն էր, և որոշեց չբարձրացնել պատվիրված 138 կգ ծանրաձողը՝ գրանցելով երկամարտի ընդհանուր 250 կգ արդյունք:

Արփինե Դալալյանը պոկում վարժությունում հաջողությամբ ավարտեց միայն 2-րդ մոտեցումը: Դալալյանն 1-ին մոտեցման համար պատվիրել էր 120 կգ ծանրաձող, սակայն առաջին փորձից այն չէր ենթարկվել: 3-րդ մոտեցման ժամանակ 17-ամյա մարզուհին չկարողացավ բարձրացնել 130 կգ՝ ընդհանուր հաշվարկում գրավելով 6-րդ տեղը երկամարտի 213 կգ արդյունքով:

Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը երկամարտի ընդհանուր 249 կգ (113+136) արդյունքով նվաճել է Վրաստանի 19- ամյա ներկայացուցիչ Անաստասիա Հոթֆրիդը: Երրորդ տեղը զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մերսի Օփիյեմի Բրաունը՝ գրանցելով երկամարտի ընդհանուր 230 կգ (103+127) արդյունք:


Source: Yerkir Media
Link: Հռիփսիմե Խուրշուդյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image