Մահացել է դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանը
March 26, 2017
Մահացել է սիրված դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանը։ Մտավորական մեծ ընտանիքի հայրը ողջ կյանքում թատերական գործից զատ մշտապես եղել է ակտիվ հասարարական, ազգային գործիչ։ 1957 թվականին Լորենց Առուշանյանը, ավարտելով Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, բուռն գործունեություն է ծավալել նախ Գյումրու դրամատիկական, ապա՝ Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական, Սունդուկյանի անվան ազգային պետական թատրոններ։ Նկարահանվել է բազում ֆիլմերում։
Արցախյան շարժման առաջին իսկ օրերից կնոջ՝ արձակագիր Ալվարդ Պետրոսյանի հետ ակտիվ դերակատարություն են ունեցել արցախյան ազատագրական շարժման գործում։ Երկուսն էլ 90-ին անդամագրվել են Հայ Հեղափոխական Դաշնակցությանը։ Լորենց Առուշանյանը 1989 թվականին արքեպիսկոպոս Մեսրոպ Աշճյանի հետ ստեղծել է «Վարարկն» հիմնադրամը եւ ակտիվ գործունեություն ծավալել Արցախ տարբեր ապրանքներ, վառելիք առաքելու գործում։ Ազատամարտի դժվարին օրերին եղել ադրբեջանցիներով շրջապատված եւ չնահանջած Բերդաձորի ինքնապաշտպանական խորհրդի ներկայացուցիչը ՀՀ-ում, մասնակցել կամավորական ջոկատների կազմավորմանն ու հանդերձավորման, Բերդաձոր զենք, զինամթերք առաքելու աշխատանքներին։
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության աշխատակազմը ցավակցում է Ալվարդ Պետրոսյանին, նրա հարազատներին սիրված Լորենց Առուշանյանի մահվան կապակցությամբ։