Մաքքարթնին դատի է տվել Sony/ATV-ին՝ վերադարձնելու համար երգերի հեղինակային իրավունքները
January 19, 2017
The Beatles խմբի անդամ Փոլ Մաքքարթնին դատի է տվել Sony/ATV ընկերությանը: Նա Նյու-Յորքում հայց է ներկայացրել Մանհեթթենի դաշնային դատարան՝ խմբին անդամակցելու ժամանակ իր գրած երգերի հեղինակային իրավունքները հետ վերադարձնելու նպատակով:
Հայցադիմումի համաձայն՝ 1962-ից մինչեւ 1971 թվականն ընկած ժամանակահատվածում Ջոն Լենոնի հետ համահեղինակությամբ գրված երգերի իրավունքներն ինքը փոխանցել է տարբեր հրատարակիչների:
1985 թվականին Մայքլ Ջեքսոնը գնել է «Yesterday», «Hey Jude» եւ «Let It Be» երգերի տնօրինման՝ այսինքն կատարման ու ձայնագրման իրավունքները:
Ջեքսոնի մահից հետո, սակայն, այդ երգերի այդպիսի տնօրինման իրավունքներն անցել են Sony/ATV ընկերությանը: Մաքքարթնին ակնկալում է այդ իրավունքն ամբողջությամբ իր տնօրինման տակ վերցնել 2018 թվականին: