Առնվազն 2 մարդ է սպանվել Մեքսիկայի Գերերո նահանգի Չիլպանսինգո քաղաքում, տեղեկացնում է MVS Noticias կայքը։ Կիրակի օրը մի քանի զինյալներ կրակ են բացել սիրողական ֆուտբոլային հանդիպման ժամանակ՝ որպես թիրախ ընտրելով ֆուտբոլիստներին։ Արդյունքում երեք մարդ վիրավորվել է, նրանցից երկուսն ավելի ուշ մահացել են, մեկի վիճակը ծանր է։
Գերերո նահանգը հանցավորության առումով ամենավտանգավորներից է Մեքսիկայում։ Այստեղ իսկական պատերազմ է մղվում հանցախմբերի միջեւ՝ դեպի ԱՄՆ թմրանյութերի տարանցիկ ուղիների վերահսկողության համար։
Սա այն նահանգն է, որտեղ 2014-ի սեպտեմբերին կորել էին 43 ուսանողներ։ Հետագայում պարզվեց, որ նրանց առեւանգել են ոստիկաններն ու հանձնել Իգուալա քաղաքի հանցախմբերից մեկին։ Բոլոր ուսանողները սպանվել էին։