Միջազգային կիբերհարձակման մեջ կասկածվում է Հյուսիսային Կորեան
June 16, 2017
Մայիսին WannaCry շորթիչ վիրուսի օգտագործմամբ տեղի ունեցած զանգվածային կիբերհարձակումը, որից տուժել էր աշխարհի գրեթե 150 կազմակերպություն, այդ թվում՝ Հայաստանը, կազմակերպվել էր հյուսիսկորեական Lazarus հաքերական խմբի կողմից։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով Կիբերանվտանգության ազգային կենտրոնին, որը գլխավորում է միջազգային հետաքննությունը։
Մի քանի օր առաջ նմանատիպ հայտարարություն էին տարածել ամերիկյան հատուկ ծառայությունները։ Այժմ Lazarus-ը գլխավոր կասկածյալն է բրիտանական փորձագետների գլխավորությամբ անցկացվող միջազգային հետաքննությունում։
Կասկածներ կան, որ Lazarus-ը (հայտնի է նաեւ Hidden Cobra եւ Guradians of the Peace անվանումներով), առնչություն ունի հյուսիսկորեական իշխանությունների, մասնավորապես՝ Bureau 121 անվանումով հայտնի հետախուզության հետ։