Մոտ մեկ դար առաջ այս օրը արգելվեց ստրկությունը, սակայն այն մնաց՝ թրաֆիքինգ անվամբ

Բրազիլական օրացույցում մայիսի 13-ը կարմիրով է նշված: 1888 թվականի այս օրն է ընդունվել աշխարհում ամենահայտնի օրենքներից մեկը, որով արգելվեցին ստրկության և ստրկավաճառության բոլոր ձեւերը։
Հետագայում ստրկությունը դատապարտվեց 1926 թ.-ին Ազգերի լիգայի կողմից և 1948 թ.-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների մասին հավաստագրով, ինչպես նաեւ մարդու իրավունքներին վերաբերող մյուս բոլոր հիմնական փաստաթղթերում։
Վերջին 5000 տարիների ընթացքում ստրկությունը գոյություն է ունեցել գրեթե ամենուրեք։ Պայքարը ստրկության վերացման դեմ արտահայտվել է անգամ մշակույթում: Ութսունականների ամենահայտնի սերիալը՝ ստրկուհի Իզաուրան, ցանկալի հյուրի նման մտավ բոլորիս տներն ու ևս մեկ անգամ հիշեցրեց ստրկատիրական հասարակարգի մասին:
Ստրկուհի Իզաուրան լուռ ու մունջ դիմանում էր բոլոր կտտանքներին: Բայց, ինչպես յուրաքանչյուր «օճառային օպերայում», ավարտը երջանիկ էր՝ Իզաուրան հասավ իր սիրուն ու ազատվեց ստրկությունից: Իրականությունը, սակայն, ավելի տխուր է, և այսօր էլ խնդիրն առկա է. պարզապես այլ անուն է կրում:
Պատահական չէ, որ այժմ հանրությունը մարդկանց թրաֆիքինգը համարում է «Ժամանակակից ստրկություն» կամ «Սպիտակ ստրկություն»: Դա պայմանավորված է նրանով, որ թրաֆիքինգի և ստրկության հիմքում ընկած է մարդու «ապրանքայնացումը, այսինքն վերաբերմունքը որպես առարկայի, որի միջոցով կարելի է եկամուտ ստանալ:
Թրաֆիքինգի դեմ պայքարի կոնվենցիաներ ընդունվել են դեռեւս ստրկատիրական հասարակարգի ժամանակ: Ստրկության արգելքը ինքնաբերաբար չի հանգեցրել ստրկության վերացման, այն միայն ձեւափոխվել է եւ ստացել է նոր կարգ եւ դրսեւորում: Ժամանակակից ստրկության հարցերով առաջնակարգ մասնագետ Քեյվին Բեյլզը ասում է, որ մարդիկ ստրկանում են բռնության միջոցով և պահվում են գերության, շահագործման նպատակով:
Տարբեր աղբյուրների համաձայն` տարեկան թրաֆիքինգի զոհ է դառնում 2,5 միլիոնից մինչև 4 միլիոն մարդ: Ըստ ՄԱԿ-ի 2008թ.-ի գնահատման՝ աշխարհում թրաֆիքինգի զոհ դարձած կանանց, տղամարդկանց և երեխաների շահագործման արդյունքում եկամուտները տարեկան կազմում են շուրջ 32 միլիարդ դոլար:
Թրաֆիքինգի դեմ պայքարի նպատակով ստեղծվել են բազմաթիվ իրավական ակտեր և կոնվենցիաներ, որոնք ուղղված են այս ոլորտում պետությունների համագործակցությունն ուժեղացնելուն և թրաֆիքինգի դեմ պայքարը միասնական եւ առավել արդյունավետ դարձնելուն, սակայն երեւույթը շարունակվում է` ամեն տարի նոր զոհեր գրանցելով:
Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image