ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ երեխաներ և ծնողներ, շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Երեխայի դերն ու նշանակությունը պետության համար նույնն է, ինչ յուրաքանչյուր ընտանիքի համար: Այդ դերն ու կարևորությունը չարժեւորելը, զարգացմանը չնպաստելը կնշանակի չմտածել ու քայլեր չձեռնարկել երկրի առաջընթացի համար: Խաղաղ ու ապահով մանկության, վստահելի ապագայի հուսալի գրավականը խաղաղություն արարող և այն պաշտպանել կարողացող, իր քաղաքացիների բարեկեցությունը անբեկանելի նպատակակետ համարող պետությունն է:
Երեխայի ծնունդով ավելի է ամրապնդվում օջախի հիմքը, ավելի տեսանելի դառնում նրա ապագան, ավելանում սերն ու ջերմությունը տան պատերի ներսում և ընտանիքի անդամների մեջ: Այդպես է նաև պետության պարագայում, երբ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նշանակում է պետության ներուժի ավելացում, ևս մեկ հուսալի երաշխիք նրա հիմքի ամրության համար, ևս մեկ ամուր քար նրա բարձրացող պատի վրա, նրա խաղաղության ևս մեկ պաշտպան, ևս մեկ հենարան այդ պաշտպանի թիկունքին:
Քանի որ պետությունը բոլորս ենք, և պետությունը բոլորինս է, մեր երկրում ծնված և մեծացող յուրաքանչյուր երեխայի ճակատագիրը, նրա ներկան ու ապագան պետք է մտահոգեն բոլորիս` թե՛ պետական կառույցներին, թե՛ քաղաքացիներիս. բոլորիս պարտքը պետք է լինի յուրաքանչյուր երեխայի իրավունքների պաշտպանությունն ու նրան կայանալու, դրսևորվելու հնարավորությունների ընձեռումը, նրան առաջնորդելը և ուղեկցելը: Եվ այս ամենը` անպայման սիրով ու ջերմությամբ, որովհետև յուրաքանչյուր երեխա մեր երկրի վաղվա օրն է, իսկ հայրենիքն առանց սիրո և ջերմության հայրենիք չէ:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ` բարեմաղթանքներս եմ հղում Հայաստանի բոլոր երեխաներին, Արցախի և Սփյուռքի մեր փոքրիկ հայրենակիցներին: Թող խաղաղությունն ու հաջողությունը լինեն նրանց ճակատագրերի անբաժան ուղեկիցները»:
Source: Yerkir Media
Link: «Յուրաքանչյուր երեխա մեր երկրի վաղվա օրն է». ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել